Թուրքիայում սոցիալական արշավ է սկսվել Վանի Աղթամար կղզու ծառերի պահպանության համար
Վանում գործող «Վանա լճի ակտիվիստների միություն»-ը նախաձեռնել է Աղթամար կղզու բնության պահպանմանն ուղղված սոցիալական ակցիա, որը կարճ ժամանակահատվածում բավականին մեծ արձագանք է գտել համացանցում:
Ինչպես հաղորդում է Ստամբուլի հայկական լրատվակայքերից «ՀայԹերթը»՝ միության նախագահ Էրդողան Օզելը հայտնել է, որ իրենք կղզում առկա ծառերի պահպանման և նոր ծառերի ավելացման կոչով դիմելու են Թուրքիայի մշակույթի նախարարությանը, ինչի համար արդեն ստորագրահավաք են սկսել համացանցում:
Նշենք, որ կղզին գտնվում է Վանի նահանգի Գևաշ շրջանում, որի ղեկավարությունը նույնպես իր աջակցությունն է հայտնել այս նախագծին:
Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը՝ դեռևս անցյալ տարի որոշ թուրքական կայքեր ահազանգել էին, որ Վանի Աղթամար կղզում ճագարների արագ բազմացումը վտանգի տակ է դրել Սուրբ Խաչ հայկական պատմական եկեղեցին:
Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները վերանորոգել են եկեղեցին 2005-2007թթ. ընթացքում, և այժմ այն ծառայում է որպես թանգարան։ Իսկ պատարագն այստեղ անցած 95 տարվա ընթացքում առաջին անգամ մատուցվել է 2010թ.։










