Նազարբաևը հանձնարարել է Ղազախստանի ԱԳՆ-ին Սիրիայի հարցով հանդիպում պատրաստել

16:14 • 30.12.16

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հանձնարարել է երկրի ԱԳՆ-ին մոտ ժամանակներս Աստանայում Սիրիայի հարցով հանդիպում նախապատրաստել: Այդ մասին նա հայտարարել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար կազմի հետ հանդիպմանը, գրում է ТАСС-ը՝ վկայակոչելով նախագահի մամուլի ծառայությանը:


«Ղազախստանի նախագահն իր ուշադրությունն ուղղել է Աստանայում կարճ ժամկետներում սիրիական խնդրի հարցով բանակցությունների անցկացման համար մանրամասն նախապատրաստությունների անհրաժեշտության վրա»,- ասված է հայտարարության տեքստում:


Երկու շաբաթ առաջ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ղազախստանի նախագահի հետ քննարկել են Աստանայում Սիրիայի հակամարտող կողմերի հանդիպման անցկացման հնարավորությունը: Նազարբաևը հավանության է արժանացրել այդ գաղափարը՝ նշելով, որ իր երկիրն «ի սկզբանե աջակցում է միջազգային ջանքերին, որոնք ուղղված են Սիրիայում հակամարտության խաղաղ կարգավորմանը»: