ՌԴ ԱԳՆ-ն առաջարկել է Պուտինին Ռուսաստանից 35 ամերիկացի դիվանագետի արտաքսել

14:35 • 30.12.16

Ռուսաստանի արտգործնախարարությունը, ի պատասխան կիբեռհարձակումների առնչությամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցների, նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է երկրից արտաքսել 35 ամերիկացի դիվանագետի: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է meduza.io-ն:


Լավրովի առաջարկի համաձայն՝ անհրաժեշտ է արտաքսել Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան 31 աշխատակցի և Սանկտ Պետերբուրգում գտնվող գլխավոր հյուպատոսության չորս դիվանագետի: Նրանց անունները Լավրովը չի նշել:


Բացի այդ, ՌԴ ԱԳՆ-ն առաջարկում է արգելել ամերիկացի դիվանագետներին օգտվել Սերեբրյաննի Բորում գտնվող դեսպանական ամառանոցից և Մոսկվայի Դորոժնայա փողոցում գտնվող պահեստից:


«Առաջարկվել է արգելել ամերիկացիներին օգտվել Սերեբրյաննի Բորում իրենց առանձնատնից և Դորոժնայա փողոցում գտնվող իրենց պահեստից: Հուսով ենք, որ այդ առաջարկները կքննարկվեն ամենաօպերատիվ կարգով»,- ասել է ՌԴ արտգործնախարարը:


Ավելի վաղ Tert.am-ը տեղեկացրել էր, որ Միացյալ Նահանգների իշխանությունները հայտարարել են ռուսական մի շարք ընկերությունների և քաղաքացիների նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին`նրանց մեղադրելով ամերիկյան քաղաքական ինստիտուտների դեմ կիբեռհարձակումների իրականացման համար:


Վաշինգտոնը հետախուզական գործունեություն ծավալելու մեղադրանքով ԱՄՆ-ից արտաքսում է Ռուսաստանի Դաշնության 35 դիվանագետի ու նույն պատճառաբանությամբ փակում է Միացյալ Նահանգների տարածքում գործող ռուսական 2 դիվանագիտական հաստատություն:


Բացի այդ, Վաշինգտոնը Մոսկվային մեղադրել է Ռուսաստանում աշխատող ամերիկացի դիվանագետների ու կազմակերպությունների նկատմամբ ճնշում գործադրելու համար:


Մեկնաբանելով պատժամիջոցների սահմանումը` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ասել է, որ դա արվել է ի պատասխան Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունների ընթացքին միջամտելուն, ինչպես նաև ամերիկացի դիվանագետներին ճնշելուն: