ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ի պատասխան միջոցների մասին կհայտարարվի ուրբաթ. Մարիա Զախարովա
ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցների վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ի պատասխան միջոցների մասին կհայտարարվի ուրբաթ: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա նաև ԱՄՆ գործող նախագահի վարչակազմին «արտաքին քաղաքականության մեջ անհաջողակների խումբ» է անվանել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Վաղը կլինեն պաշտոնական հայտարարություններ, պատասխան միջոցներ և շատ այլ բաներ»,- գրել է նա Facebook-ի իր էջում:
Նրա խոսքով՝ այժմ Ամերիկայի ժողովրդին ստորացրել է իր իսկ նախագահը, այլ ոչ միջազգային ահաբեկիչները և հակառակորդի զորքերը:
«Այս անգամ Վաշինգտոնին ապտակ է հասցրել իր իսկ տերը՝ առավելագույն կերպով մեծացնելով անհետաձգելի գործերի քանակը նոր թիմի համար: Համալիր պետք է լինեին Մերձավոր Արևելքում իրականացվող քայլերը, այլ ոչ վրեժխնդրությունը»,- գրել է Զախարովան:
Ավելի վաղ Tert.am-ը տեղեկացրել էր, որ Միացյալ Նահանգների իշխանությունները հայտարարել են ռուսական մի շարք ընկերությունների և քաղաքացիների նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին`նրանց մեղադրելով ամերիկյան քաղաքական ինստիտուտների դեմ կիբեռհարձակումների իրականացման համար:
Վաշինգտոնը հետախուզական գործունեություն ծավալելու մեղադրանքով ԱՄՆ-ից արտաքսում է Ռուսաստանի Դաշնության 35 դիվանագետի ու նույն պատճառաբանությամբ փակում է Միացյալ Նահանգների տարածքում գործող ռուսական 2 դիվանագիտական հաստատություն:
Բացի այդ, Վաշինգտոնը Մոսկվային մեղադրել է Ռուսաստանում աշխատող ամերիկացի դիվանագետների ու կազմակերպությունների նկատմամբ ճնշում գործադրելու համար:
Մեկնաբանելով պատժամիջոցների սահմանումը` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ասել է, որ դա արվել է ի պատասխան Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունների ընթացքին միջամտելուն, ինչպես նաև ամերիկացի դիվանագետներին ճնշելուն:










