Ռուս դիվանագետները չեն կարողանում լքել ԱՄՆ-ն՝ ավիատոմսերի պակասի պատճառով. «Ինտերֆաքս»
Ռուս դիվանագետները, որոնք ամերիկյան կառավարության հրահանգով պետք է 72 ժամվա ընթացքում հեռանան ԱՄՆ-ի տարածքից, դժվարությունների են բախվում տոմս գնելու ընթացքում: Այդ մասին հայտնում է interfax.ru-ն՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրի:
«Տոմսեր չկան, բոլոր տոմսերը սպառվել են Նոր տարուց առաջ, բայց մարդկանց տրվել է ընդամենը 72 ժամ, ես չգիտեմ, թե նրանք ինչպես կհասցնեն հեռանալ երկրից»,- հայտնել է գործակալության անանուն աղբյուրը:
Նա նշում է, որ դիվանագետները ստիպված են լինելու հնարավորինս շուտ հասնել Վաշինգտոնից Նյու Յորք, որտեղ ավելի շատ հնարավորություն կա տոմս գնելու դեպի Մոսկվա: Աղբյուրի խոսքով՝ ամենայն հավանականությամբ դիվանագետներն ամանորյա գիշերը կանցկացնեն ինքնաթիռում:
«Դա մեծ անակնկալ էր, մարդիկ պատրաստվում էին Նոր տարի նշել»,- հավելել է նա:
Ավելի վաղ Tert.am-ը տեղեկացրել էր, որ Միացյալ Նահանգների իշխանությունները հայտարարել են ռուսական մի շարք ընկերությունների և քաղաքացիների նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին`նրանց մեղադրելով ամերիկյան քաղաքական ինստիտուտների դեմ կիբեռհարձակումների իրականացման համար:
Վաշինգտոնը հետախուզական գործունեություն ծավալելու մեղադրանքով ԱՄՆ-ից արտաքսում է Ռուսաստանի Դաշնության 35 դիվանագետի ու նույն պատճառաբանությամբ փակում է Միացյալ Նահանգների տարածքում գործող ռուսական 2 դիվանագիտական հաստատություն:
Բացի այդ, Վաշինգտոնը Մոսկվային մեղադրել է Ռուսաստանում աշխատող ամերիկացի դիվանագետների ու կազմակերպությունների նկատմամբ ճնշում գործադրելու համար:
Մեկնաբանելով պատժամիջոցների սահմանումը` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ասել է, որ դա արվել է ի պատասխան Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունների ընթացքին միջամտելուն, ինչպես նաև ամերիկացի դիվանագետներին ճնշելուն:










