«Հաց բերող» Արթուր Սարգսյանը ազատ է արձակվել կալանքից

03:05 • 31.12.16

Հուլիսյան դեպքերի ժամանակ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդ սեփական մեքենայով խմբի անդամներին սնունդ հասցրած ազատամարտիկ Արթուր Սարգսյանն ազատության մեջ է։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել նրա պաշտպաններից Տիգրան Եգորյանը։

«Նախատոնական լավ լուր․ քիչ առաջ կալանքից ազատ արձակվեց Արթուր Սարգսյանը, ով ժողովրդի մեջ հայտնի է որպես «Հաց բերող»»,- գրել է նա։

Նշենք,որ Արթուր Սարգսյանի պաշտպանները սույն թվականի դեկտեմբերի 17-ին դիմել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի համաձայն անհապաղ միջոցներ կիրառելու խնդրանքով։ Մասնավորապես՝ խնդրելով ՄԻԵԴ-ին ՀՀ կառավարությունից պահանջել ապահովել դիմողի բուժումը։

ՄԻԵԴ-ն արագ արձագանքել էր և համապատասխան հարցադրումներ էր ուղղել և վերջնաժամկետ էր նշել 2017թ. հունվարի 4-ը:

Հիշեցնենք,որ Արթուր Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 218-րդ և 235-րդ հոդվածներով։ Նա մեղադրվում է զինված խմբի օժանդակելու մեջ։