Կալգարիում ձերբակալել են թռիչքից առաջ հարբած և ինքնաթիռում քնած օդաչուին

13:32 • 01.01.17

Կանադայում ոստիկանությունը ձերբակալել է ուղևորատար ինքնաթիռի օդաչուների խցիկում թռիչքից առաջ քնած օդաչուին, հաղորդում է տեղական National Post թերթը:

Նշվում է, որ շաբաթ Կալգարիում օդաչուն բարձրացել է դեպի մեքսիկական Կանկուն ուղևորվող Boeing 737-ի սրահ: Սակայն նախքան թռիչքն օդանավակայանի աշխատակիցները և անձնակազմի այլ անդամներ ուշադրություն են դարձրել օդանավի հրամանատարի տարօրինակ վարքին: Պարբերականի տվյալներով՝ օդաչուն քնել է հենց օդաչուների խցիկում:


Ստուգումը ցույց է տվել, որ օդաչուի արյան մեջ ալկոհոլի մակարդակը երեք անգամ գերազանցում է թույլատրելի մակարդակը:


Sunwing ավիաընկերության օդանավի սրահում եղել է 99 ուղևոր և անձնակազմի 6 անդամ: Ավիաընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ Կալգարիից օդանավը դուրս է եկել այլ օդաչուի հրամանատարությամբ: