Աստծուց խնդրում եմ խաղաղություն լինի. ՀՀԿ պատգամավորը Նոր տարին դիմավորել է բանակից վերադարձած որդու ու թոռնիկի հետ
ՀՀ Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանն այս տարի առաջին անգամ Նոր տարին դիմավորել է որպես տատիկՙ թոռնիկի հետ, բացի այդ, երկու տարի ընդմիջումից հետո բանակից զորացրված որդին ևս Ամանորը դիմավորել է ընտանիքի հետ:
Tert.am-ի հետ զրույցում Կարինե Պողոսյանը նշեց, թե շատ է սիրում Նոր տարվա եռուզեռը:
«Ինչպես բոլոր հայկական ընտանիքներում, մեր ընտանիքում էլ դեռ դեկտեմբեր ամսվա կեսերին սկսել էինք պատրաստվել Ամանորին: Այս տարի ինձ համար շատ կարևոր է տանը լինել ու դիմավորել Նոր տարին, քանի որ որդիս վերադարձել է բանակից ու 2 տարի հետո ի վերջո մեզ հետ է անցկացրել»,-ասաց նա:
Ամանորյա եռուզեռի մեջ Կարինե Պողոսյանը հասցնում է պատրաստել հայկական խոհանոցի ավանդական ճաշատեսակներ, նվերներ գնել, իսկ տոնածառն արդեն զարդարում են երեխաները:
«Ես սիրում եմ հյուրեր ընդունել ու անակնկալներ մատուցել հյուրերիս»,-ասաց նա:
Իսկ թե որ տարին է եղել ամենահիշարժանը՝ հարցին պատասխանեց, թե յուրաքանչյուր տարին էլ իր առանձնահատկությունն ու հետաքրքրությունն ունի: Պատգամավորի մաղթանքը մեկն է՝ խաղաղություն լինի: «Ուղղակի Աստծուց խնդրում եմ, որ խաղաղություն լինի»,- ասաց նա:
Կարինե Պողոսյանը, ամփոփելով անցնող տարին, ասաց նաև, որ 2016 թվականը հագեցած էր քաղաքական կարևորագույն իրադարձություններով:
«Մենք լուրջ քայլ կատարեցինք` գնալով սահմանադրական բարեփոխումների, դրանով իսկ գնում ենք դեպի ավելի ժողովրդավար, կայուն քաղաքականություն»,-ասաց նա: Պատգամավորը նշեց, որ Ընտրական նոր օրենսգիրքն է կյանքի կոչվելու 2017 թվականին, և դա հավասար հնարավորությունների ամրապնդում կապահովի:
Կարինե Պողոսյանը նկատեց, որ չնայած ձեռքբերումներին՝ եղան նաև որոշակի բացթողումներ. «Մենք աչք չենք փակում մեր բացթողումների վրա, ունեցանք ապրիլյան քառօրյա պատերազմ, որ մենք, որպես մայրեր, բնականաբար, շատ կարևորում ենք, ու մեր երկրի ու իշխանության համար կարևորագույն հարց է հանդիսանում մեր երկրի պաշտպանությունն ու դրա ամրապնդումը: Այսօր մեր երեխաներն են, որ պահում են սահմանն այսպես անառիկ»:
Նելլի Լազարյան










