Մենք` այս երկրում ապրողներս, պիտի արժանի լինենք այս երկրի սահմանը պահող տղային. Շուշան Պետրոսյան

12:03 • 01.01.17

2016 թվականը շատ ծանր տարի էր. Tert.am-ի հետ զրույցում, ամփոփելով անցնող տարին, ասաց երգչուհի, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը:


«Ինձ համար շատ կորուստների ու ձեռքբերումների տարի էր, այսինքն՝ բոլոր տարերքները գործեցին այս տարի, և՛ ողբերգությունը, և՛ մեզ համար ևս մեկ անգամ այս սերնդին վերարժևորելու հայտնագործությունը»,-ասաց նա և նշեց, որ քառօրյա պատերազմը ևս մեկ անգամ ապացուցեց, որ այս սերունդն իսկապես արժանի է մեծարման:


«Տղերքի տեսակը, որ հանուն երկրի, հանուն իրենց հողի, առանց ընկրկելու, ուղղակի հենց մահվան դեմ առ դեմ կանգնում են, պատրաստ են կյանք տալու... խենթանալու բան է»,-նկատեց նա:


Շուշան Պետրոսյանի խոսքով` ևս մեկ անգամ տեսանք և՛ մեր տեսակը, և՛ թշնամու տեսակը։ «2-րդ պատերազմը, որ անցանք, լրիվ ուրիշ պատկեր բերեց մեր առաջ: Առաջինի ժամանակ մեր անկախացումն էր նաև դրված՝ բացի հողը պաշտպանելը, այսինքն` մի քանի գերգաղափար ու երազանք կար մեզ համար, այստեղ կոնկրետ պատերազմ էր մի սերնդի հետ, որ երեկվա Ահմեդը չէր, այլ արյունարբու տեսակ, որին ծննդյան առաջին իսկ օրվանից ներշնչում են, որ հայն իր թշնամին է, որ հայը գրավել է իր տեղն արևի տակ: Այսինքն` այն պատերազմը, ինչ եղավ այս 4 օրերին, որևէ աղերս չունի այն պատերազմի հետ, ինչ եղավ նախկինում: Դա միայն ես չեմ ասում, բոլորը դա գիտեն»,-շեշտեց պատգամավորը:


Երգչուհու խոսքով՝ այս սերունդը հաղթեց բոլոր քննադատներին. «Հասկացանք, որ փառահեղ սերունդ ունենք, իրենք մեզ էլ հաղթեցին, մեզ՝ սկեպտիկներիս, որ ասում էինք` 88-ի տղերքը պիտի լինեն, բայց ոչ, այս տղերքը ուրիշ են, նրանք շատերը բանակում ծառայած էին, իսկ այս երեխաները բանակում ծառայողներ են»:


Հարցին, թե երկրի իշխանությունն արժանի՞ է այս զինվորներին, Շուշան Պետրոսյանը պատասխանեց. «Իրենց չեմ ուզում որևէ մեկի հետ համեմատել, մենք` այս երկրում ապրողներս, պիտի արժանի լինենք այս երկրի սահմանը պահող տղային, մենք պիտի արժանի լինենք իրենց, մենք պիտի ծառայենք իրենց, ես ծառայում եմ ու միշտ պատրաստ եմ անել դա, մենք այդպիսի երկրում ենք ապրում ու այդ պատմությունը կրող ազգն ենք»:

 

Նելլի Լազարյան