Ասադը հաստատել է Սիրիայի հարցով Աստանայում բանակցություններ վարելու պատրաստակամությունը

11:56 • 09.01.17

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հաստատել է Սիրիայի խնդրի կարգավորման վերաբերյալ Աստանայում կայանալիք բանակցություններին մասնակցելու պատրաստակամությունը՝ նշելով, որ երկխոսության համար Դամասկոսի կողմից ոչ մի սահմանափակում չկա, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Մենք, իհարկե, պատրաստ ենք, և հայտարարել ենք, որ այդ հանդիպման համար մեր պատվիրակությունը պատրաստ է մեկնել… երբ հաստատվի հանդիպման ամսաթիվը: Մենք պատրաստ ենք բանակցություններ վարել բոլոր հարցերի շուրջ: Երբ խոսքը Սիրիայում հակամարտության ավարտվելու վերաբերյալ բանակցությունների մասին է կամ Սիրիայի ապագայի մասին, մենք բոլորովին բաց ենք: Բանակցություններում սահմանափակումներ չկան»,- հայտարարել է Ասադը ֆրանսիացի լրագրողներին տված հարցազրույցում, որի տեքստը հրապարակել է SANA սիրիական պետական լրատվական գործակալությունը:


Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ պայմանավորվել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ խաղաղ բանակցությունների գործընթացն Աստանայում շարունակելու հետ կապված Սիրիայում հակամարտող կողմերին արված առաջարկի շուրջ:


Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն իր աջակցությունն է հայտնել այդ նախաձեռնությանը և հայտարարել է Աստանայում այդ բանակցությունների համար հարթակ տրամադրելու պատրաստակամության մասին: Սպասվում է, որ Աստանայում հանդիպումը կանցկացվի հունվարի 23-ին: