Կատալոնացիների մեծամասնությունը կողմ է Իսպանիայից անկախանալու հարցով հանրաքվեի անցկացմանը. հարցում

15:49 • 09.01.17

Կատալոնիայի բնակիչների մեծամասնությունն անհրաժեշտ է համարում Իսպանիայից անկախանալու հարցով հանրաքվեի անցկացումը: Այս մասին վկայում են La Vanguardia թերթի պատվերով GAD 3 հետազոտական կենտրոնի անցկացրած հարցման արդյունքները:


РИА Новости
-ի հաղորդմամբ` հարցումն անցկացվել է հունվարի 2-5-ը` Կատալոնիայի չափահաս բնակիչների շրջանում: Հետազոտության ընթացքում հարցվել է 601 քաղաքացի:


Աղբյուրը մանրամասնում է, որ հարցվածների 76,6 տոկոսը կողմ է արտահայտվել հանրաքվեի անցկացմանը, մոտ 20 տոկոսը դեմ է արտահայտվել, իսկ մյուսները չեն կողմնորոշվել: 59,1 տոկոսը կարծիք է արտահայտել, որ նման քվեարկության անցկացումը պետք է համաձայնեցված լինի իսպանական իշխանությունների հետ, իսկ միակողմանի կարգով հանրաքվեի անցկացմանը կողմ է արտահայտվել հարցվածների 37,3 տոկոսը:


Նշվում է, որ հանրաքվեի անցկացման դեպքում Կատալոնիայի անկախությանը կողմ է պատրաստ քվեարկել հարցվածների 42,3 տոկոսը, դեմ` 41,9 տոկոսը: Եվս 5,9 տոկոսը հայտնել է, որ չի մասնակցի հանրաքվեին, իսկ 9,9 տոկոսը հրաժարվել է պատասխանել, թե ինչպես կքվեարկի: