Ախալքալաքի հայաբնակ Կարծախ գյուղից Նիգերիայի 3 և Գանայի 1 քաղաքացի փորձել են հատել վրաց-թուրքական սահմանը (տեսանյութ)

15:24 • 09.01.17

Վրաստանի Ախալքալաքի շրջանի վրաց-թուրքական Կարծախ սահմանակետից երկրի Ներքին գործերի նախարարության աշխատակիցները բերման են ենթարկել 4 անձի:

Վրաստանի ներքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից Tert.am-ը տեղեկացավ, որ սահմանային ոստիկանության իրականացրած միջոցառումների արդյունքում հայտնաբերել են, որ Նիգերիայի երեք և Գանայի մեկ քաղաքացի ցանկացել են ապօրինի կերպով հատել վրաց-թուրքական սահմանը հայկական գյուղից: Իրավապահները նրանց հայտնաբերել են սահմանը հատելու պահին:

ՆԳՆ-ից հայտնեցին, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Վրաստանի ՔՕ-ի 19-344-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին կետի հատկանիշներով:

Նշենք, որ 2015թ. հոկտեմբերի 18-ին Թուրքիան և Վրաստանը բացեցին սահմանային նոր անցակետ, որը թուրքական կողմում կրում է Չըլդըր-Աքթաշ, իսկ վրացական կողմում` Կարծախ անվանումը: Աքթաշ-Կարծախ անցակետը երրորդն է շուրջ 270 կմ երկարությամբ ձգվող Թուրքիայի և Վրաստանի միջպետական սահմանին: Կարծախի սահմանային անցակետը գտնվում է Վրաստանի Ջավախքի Ախալքալաք շրջանում: