Ռայան Գոսլինգն ու «Լա Լա Լենդ»-ն արժանացել են «Ոսկե գլոբուս»-ի գլխավոր մրցանակներին
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի «Բևեռլի Հիլթոն» հյուրանոցում կայացել է «Ոսկե գլոբուս» ամենամյա մրցանակաբաշխությունը, որի շրջանակում «Լուսնի լույսը» ֆիլմը հաղթել է «Լավագույն դրամա» անվանակարգում՝ առաջ անցնելով նույն անվանակարգում ներկայացված 4 կինոնկարից:
Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, լավագույն դրամատիկ դերասան է ճանաչվել Քեյսի Աֆլեքը՝ «Մանչեսթերը ծովի մոտ» ֆիլմում ունեցած դերակատարման համար:
«Լավագույն դրամատիկ դերասանուհի» անվանակարգում հաղթել է Իզաբել Յուպերը («Նա»): Ի դեպ, այս անվանակարգում Յուպերի մրցակիցներն են եղել Նատալի Պորտմանը, Ջեսիկա Չեսթեյնն ու Էմի Ադամսը:
Ինչ վերաբերում է «Լավագույն դերասան» անվանակարգին, ապա այստեղ հաղթող է ճանաչվել Ռայան Գոսլինգը՝ առաջ անցնելով Հյու Գրանտից, Քոլին Ֆարելից, Ռայան Ռեյնոլդսից և Ջոն Հիլից:
Մինչդեռ Գոսլինգի մասնակցությամբ «Լա Լա Լենդ»-ը ճանաչվել է լավագույն ֆիլմ՝ լավագույն կատակերգական ֆիլմ կամ մյուզիքլ:
Բացի այդ, մրցանակներ են շնորհվել այս ֆիլմի ռեժիսորին՝ Դեմյեն Շազելին, և դերասանուհի Էմմա Սթոունին:
Նշվում է նաև, որ «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում հաղթել է «Zootopia»-ն:
Հայտնի է, որ լավագույն դրամատիկ սերիալ է ճանաչվել բրիտանական թագավորական ընտանիքի մասին պատմող «Թագը»:










