Պատմական Խարբերդում հին հայկական եկեղեցին օգտագործվում է որպես ավտոկայանատեղի (լուսանկարներ)

09:48 • 09.01.17

Թուրքիայի Էլյազըղ (պատմական Խարբերդի մի մասը- tert.am) քաղաքում 200 տարվա պատմություն ունեցող հայկական եկեղեցին օգտագործվում է որպես ավտոկայանատեղի, գրում է թուրքական «Էվրենսել» պարբերականը: 

Ի դեպ, Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին ասորական եկեղեցու անվան տակ գրանցված է Դիարբեքիրի մշակույթի և բնական ժառանգության պահպանության ցուցակում: Ցեղասպանությանը հաջորդած շրջանում մի քանի տարի եկեղեցու տարածքն օգտագործվել է նաև որպես ալյուրի արտադրամաս, ինչից հետո մատնվել է անտերության:

Ավտոկայանատեղիի սեփականատեր Չոշքուն Դուրանը դեռևս անցյալ տարի հայտնել է եկեղեցու տարածքում հյուրանոց կառուցելու մտադրության մասին, ինչի համար արդեն ստացել է իշխանությունների թույլտվությունը: 

«Սա մեր պապերի` իրենց քրիստոնյա հարևանների հետ ապրած կյանքի վերջին հիշողությունն է և վերացման եզրին է»,- «Էվրենսելի» թղթակցի հետ զրույցում իր բողոքն է արտահայտել Խարբերդի բնակիչներից մեկը:

Նշենք, որ մինչ ցեղասպանությունը Խարբերդն ունեցել է մոտ 50 հայկական գյուղ, որոնք բավականին բազմամարդ էին և ունեին միջինը 1000 բնակիչ:


Խարբերդի գլխավոր տեսարժան վայր համարվում է հին բերդը: Այն ժամանակին կառուցվել է հայերի կողմից և հենց այստեղից էլ ծագել է գավառի անունը՝ Խար-բերդ:

Գավառի կենտրոնը՝ Էլյազըղ քաղաքը, որի անունով այսօր կոչվում է նաև ամբողջ գավառը, կառուցվել է ավելի ուշ: 


Ներկայում քաղաքը բաժանվում է երկու մասի՝ հին ու նոր:


Հին քաղաքը, որի մեջ մտնում է նաև պատմական բերդը, կոչվում է Հարփութ: Դա շրջանի քրդական անունն է, որը, ինչպես երևում է, Խարբերդ անվան աղավաղված տարբերակն է: Իսկ հին հայկական անունն այսօր ամբողջովին դուրս է մղված և չի հիշատակվում առհասարակ:








Պատմական Խարբերդում հին հայկական եկեղեցին օգտագործվում է որպես ավտոկայանատեղի (լուսանկարներ)