Կրեմլն արձագանքել է հաքերային հարձակումների մասին ԱՄՆ հատուկ ծառայությունների զեկույցին
ԱՄՆ-ի զեկույցը, որում Ռուսաստանը մեղադրվում է հաքերային հարձակումների համար, «վհուկների որս» է հիշեցնում, իսկ այդ մերկապարանոց մեղադրանքները հոգնեցնում են: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները հրապարակել էին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին ենթադրյալ «ռուսական միջամտության» մասին զեկույց:
«Մենք նախկինի պես կտրականապես բացառում ենք Մոսկվայի ներգրավվածությունը և մեղադրանքները, թե որևիցե հաքերային հարձակման կարող են ներգրավված լինել Ռուսաստանի Դաշնության պաշտոնատար անձինք կամ պաշտոնական գերատեսչություններ»,- ասել է Պեսկովը:
Նրա խոսքով՝ հրապարակումն առանց որևէ հիմքի սիրողական մակարդակի մեղադրանքներ է պարունակում: Ընդ որում՝ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Մոսկվան արդեն «լրջորեն հոգնել է» այդ մեղադրանքներից:










