Չունենք Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը, որ դաշինքներով գնալու դեպքում ինքը դուրս կգա կուսակցությունից. Արմեն Մարտիրոսյան

18:15 • 10.01.17

 

«Ժառանգություն» կուսակցությունը փորձում է լայն դաշինքով մասնակցել ԱԺ ընտրություններին, նույնիսկ եթե Զարուհի Փոստանջյանը դրան դեմ է և կորոշի լքել կուսակցությունը: Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Tert.am-ի հետ զրույցում պնդեց, թե ջայլամի քաղաքականություն չեն վարում, կուսակցությունում տարաձայնություններ ու պառակտումներ չկան և լայն դաշինք կազմելու շուրջ բանակցությունները շարունակվում են: Մարտիրոսյանը չի կարծում, թե դաշինքով մասնակցելու դեպքում Փոստանջյանը կուսակցությունը կլքի, չնայած, նրա խոսքով,  երկրի առջև ծառացած խնդիրների լուծմանը նվիրված կուսակցականների պակաս չկա: «Մենք չունենք Փոստանջյանի հայտարարությունը, որ դաշինքներով գնալու դեպքում ինքը դուրս կգա կուսակցությունից»,-ասաց նա:

-Պարոն Մարտիրոսյան, ԱԺ ընտրություններին մասնակցության փաստաթղթեր ներկայացնելու ժամկետ է սահմանվել, մինչդեռ  Ժառանգությունը չի էլ կողմնորոշվել ինչպես է մասնակցելու կամ մասնակցելո՞ւ է, թե ոչ։ Միայն տարաձայնությունների մասին են լուրեր տարածվում: Ի վերջո, ի՞նչ է կատարվում կուսակցությունում:

- Ժառանգությունում ոչ մի բան էլ չի կատարվում, ինչպես եղել է, այնպես էլ մնում է:

- Բայց չե՞ք կարծում, որ մի քիչ ջայլամի քաղաքականության է նմանվում, երբ դեռ «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը արտերկրում է, իսկ Ձեր և Զարուհի Փոստանջյանի միջև մասնակցության ձևաչափի տարաձայնություններ կան: Սրան գումարվում է այն, որ կուսակցության ևս մեկ կարկառուն ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը ոչ հերքում, ոչ հաստատում է կուսակցությունից դուրս գալու հարցը:

- Ժառանգությունում մինչև հիմա և՛ նոր ժառանգականներ են մտնում, և՛ դուրս են գալիս, այնպես որ որևէ խնդիր այդ առումով չկա, և եթե նույնիսկ Անահիտ Բախշյանը գնա, ես որևէ  խնդիր չեմ  տեսնում, իր որոշելիքն է։ Բայց  կուսակցությունն առաջին հերթին ամուր է իր կառույցներով և Ժառանգության պարագայում որևէ  խնդիր չկա: Ինչ վերաբերում է պարոն Հովհաննիսյանին, ինքն այս շաբաթվա մեջ կգա: Մեր ցուցակների հետ կապված էլ որևէ  խնդիր չեմ տեսնում, ուղղակի կուսակցական ճակատագիրն է, թե ինչ,  միշտ վերջին պահին են մեր ցուցակները կազմվել: 2007-ին էլ ենք վերջին պահին հաստատել, ում հետ քննարկումներ էին անցկացվում, իրենք հերթով լքեցին կլոր սեղանը և ամենավերջին պահին լրացվել են ցուցակները։ 2012-ին է եղել այդպես եղել, այնպես որ Ժառանգության համար դա նորություն չէ:

- Պարոն Մարտիրոսյան, իսկ չե՞ք վախենում, որ այդ կլոր սեղանի շուրջ հաշված մարդիկ կմնան կամ մնաք միայն դուք: 

-Բացարձակ։ Ժառանգությունը եթե այսքան ժամանակ հանգիստ կարողացել է ընտրություններին մասնակցել և իր տեղն ունենալ ինչպես պառլամենտում, այնպես էլ Երևանի ավագանիներում, այնպես էլ հիմա կկարողանա, այդտեղ էլ մտահոգություն չունենք: Մեր մտահոգությունը ոչ թե այն է, որ Ժառանգությունը խորհրդարանում լինի, այլ մեր մտահոգության առարկան այն է, որ այս ճգնաժամային իրավիճակից երկիրը դուրս բերվի: Դրա համար էլ  հենց այդ խորհրդակցություններն անցկացնում ենք:

- Հայտնի է, որ տիկին Փոստանջյանը դաշինքներին կողմնակից չէ, մինչդեռ դուք բանակցությունների մեջ եք դաշինք կազմելու համար: Այս հարցում դուք և Փոստանջյանը ընդհանուր եզրեր գտե՞լ եք:

- Դեռ այդ հարցը չենք քննարկել մեր մասնակցության ձևաչափի հետ կապված: Նախկինում էլ տարբեր մոտեցումներ են եղել,  վարչությունն ինչպես կորոշի, այնպես էլ կշարժվենք առաջ:

- Իսկ հակվածությունը նաև պարոն Հովհաննիսյանի ինչպիսի՞ն է՝ միայնա՞կ մասնակցել, թե՞ դաշինքով:

- Ժառանգությունը ցանկանում է երկում ստեղծված իրավիճակը փոխել, իսկ դա կարող է տեղի ունենալ համախմբված միասնական ջանքերով: Դեռ փորձում ենք լայն դաշինքով  մասնակցել։ Եթե դա չստացվի, հետո արդեն մնացած հարցերը կորոշենք: Ճիշտը եթե ասեմ, կառույցները որոշակիորեն արդեն ակտիվության փուլի բերված են, որ եթե որոշենք մասնակցել միայնակ, այդ աշխատանքները  տարվեն, բայց ցանկացած որոշում այս պարագայում բացառել չենք կարող:

-Իսկ այդ դեպքում չե՞ք մտահոգվում, որ Ժառանգության առանցքային դեմք հանդիսացող Զարուհի Փոստանջյանը նման որոշման դեպքում կարող է դուրս գալ կուսակցությունից:  

- Չեմ կարծում, որ դուրս կգա, բայց Ժառանգությունն այնքան նվիրված կուսակցականներ ունի, որ երկրի առջև ծառացած խնդիրների լուծմանը միտված կուսակցականների պակաս չի զգում:

-Իսկ Ժառանգությունն առանց Զարուհի Փոստանջյանի կարելի՞ է պատկերացնել:

- Մինչև 2007թ-ը Փոստանջյանը կուսակցության անդամ չի եղել, բայց պատկերացրեք՝ կուսակցությունը եղել է:  

-Այսինքն՝ ճիշտ հասկացա՞, եթե ընտրության հարց լինի, դաշինքով գնալ, թեկուզ առանց Փոստանջյանի, կընտրե՞ք դաշինքը:

-Երբ որ նմանատիպ հարց կդրվի, նոր այդ ժամանակ  մենք կփորձենք այդ հարցին լուծում գտնել, բայց նման հարց հիմա դրված չէ: Մենք չունենք Փոստանջյանի հայտարարությունը, որ դաշինքներով գնալու դեպքում ինքը դուրս կգա կուսակցությունից, ես չեմ տեսել նման հայտարարություն:

-Բայց կա հայտարարություն, որ դեմ է դաշինքներին՝ հաշվի առնելով նախորդ տարվա փորձը Ազատ դեմոկրատների հետ:

-Մեր կուսակցությունում շատ որոշումներ են եղել, որ 100 տոկոսանոց այո-ի չեն արժանացել, եղել է դեպք, որ նույնիսկ Րաֆֆի Հովհաննիսյանի այո-ն է ոչ-ի  արժանացել, մեծամասնության որոշելիքն է: Ազատ դեմոկրատներինը Ժառանգության ցուցակն էր, ոչ թե դաշինք էր, և երկրորդ՝ կարող է ինչ-որ սխալներ, թերություններ եղել են, բայց դրանք հենց նրա համար են, որ իմանաս հետո ինչ ես անում,ժամանակներ են փոխվում, նաև իրավիճակներ, և ամբողջովին համադրել, կարծում եմ, այս պարագայում այդքան էլ օբյեկտիվ չէ:

-Իսկ ո՞ր ուժերի հետ են տարվում բանակցությունները:

- Անուններ այս պահին չեմ կարող տալ, մինչև վերջնական որոշում չլինի:

-Իսկ ե՞րբ կլինի որոշում:

-Կարծում եմ՝ մոտակա երկու շաբաթվա ընթացքում: