Hollywood գրությունը փոփոխած ամերիկացին հանձնվել է ոստիկանությանը

21:08 • 10.01.17

Ամերիկացի նկարիչ և վիդեոօպերատոր Զախարի Քոուլ Ֆերնանդեսը, ով 2017 թվականի հունվարի 1-ին  փոփոխության է ենթարկել Լոս Անջելեսի հոլիվուդյան բլուրների վրա գտնվող հանրահայտ Hollywood գրությունը, ինքնուրույն հանձնվել է ոստիկանությանը։

Art Net-I հաղորդմամբ՝ 30-ամյա իրավախախտն ավելի քան մեկ շաբաթ չի բացահայտել իր մասնակցությունն արարքին, սակայն վերջիվերջո ներկայացել է ոստիկանություն։

Նշվում է, որ նրան ներկայացվել է փակ տարածք ապօրինի մուտք գործելու մեղադրանք և փետրվարի 15-ին դատարան ներկայանալու ծանուցում։

Տղամարդը հայտնել է, որ ինքն ուղղակի ցանկացել է ստիպել մարդկանց ծիծաղել։

Նշենք, որ Hollywood գրությունը փոխակերպվել է պաստառների միջոցով, ինչի արդյունքում հոլիվուդյան բլուրների վրա հայտնվել է Hollyweed գրությունը (բառացիորեն՝ «սուրբ խոտ»)։