Մարոկկոյում արգելվել է բուրքաների արտադրությունն ու վաճառքը
Մարոկկոյի իշխանություններն արգելել են արտադրել ու վաճառել բուրքաներ՝ մուսուլմանական կանացի զգեստ, որն ամբողջովին ծածկում է մարմինն ու դեմքը, հաղորդում է Morocco world news-ը։
Ներքին գործերի նախարարությունն արգելք պարունակող գրություններ է ուղարկել բուրքաների վաճառքով զբաղվողներին և սպառնացել, որ հրահանգը 48 ժամվա մեջ չիրականացնելու դեպքում բոլոր ապրանքները բռնագրավման կենթարկվեն։
Ինչպես Le 360-ին հայտնել է Ներքին գործերի նախարարության աղբյուրը, արգելքի տակ են հայտնվել ոչ միայն բուրքաները, այլ նաև գործվածքները, որոնք օգտագործվում են դրանք կարելու համար։
Արգելքի պատճառները պաշտոնապես չեն նշվում, սակայն բուրքաներ վաճառողները պատմել են հրատարակությանը, որ պատրվակ է դարձել այն փաստը, որ մարմինն ամբողջությամբ ծածկող հագուստն օգտագործվում է հանցագործների կողմից։
ՆԳՆ-ի աղբյուրը չի պատասխանել հարցին, թե արդյոք այդ որոշման հետևանքով երկրում կարգելվի բուրքա կրելը։










