Շվեյցարիայում մուսուլման աշակերտուհիները պարտավոր են մասնակցել լողի համատեղ դասընթացներին

16:03 • 10.01.17

Շվեյցարիայի իշխանությունների պահանջը, որի համաձայն մուսուլման աշակերտուհիները պարտավոր են մասնակցել լողի համատեղ դասընթացներին, չի խախտում կրոնական դավանանքի իրավունքը։ Այս եզրակացությանն է եկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ քննելով մուսուլմանների ընտանիքի դատական հայցը շվեյցարական իշխանությունների դեմ։


Դատարանի որոշման համաձայն՝ շվեյցարական իշխանությունները, պահանջելով դպրոցներում լողի դասընթացների ժամանակ աղջիկների և տղաների համատեղ պարապմունքներ, ձգտում են դպրոցական ծրագրի ամբողջական իրականացմանն ու երեխաների՝ հասարակությանն ինտեգրմանը։


Neue Zürcher Zeitung
-ը գրում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարան են դիմել Բազելի դպրոցներից մեկի երկու սաների ծնողները։ 2008 թվականին աղջիկները, որոնք այդ ժամանակ 7 և 9 տարեկան էին, կրոնական համոզմունքների պատճառով չեն մասնակցել աղջիկների և տղաների համար անցկացվող լողի դասընթացներին։


Նշվում է, որ կրթության և ընտանիքի հարցերով զբաղվող պաշտոնյաները գտել են, որ կրոնական արգելքները դասընթացները բաց թողնելու հարգելի պատճառ չեն։ Մուսուլման աշակերտուհիների ծնողները տարիներ շարունակ փորձել են վիճարկել իշխանությունների որոշումը, սակայն նրանց բոլոր հայցերը մերժվել են։