Համանախագահները աստիճանաբար սկսում են խոստովանել, որ իրավիճակի նկատմամբ իրենց վերահսկողությունը բարձր չէ. Աղասի Ենոքյան
Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը Tert.am-ի հետ զրույցում, ասաց, որ ուշացած է համարում
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը՝ դեկտեմբերի 29-ին ադրբեջանական դիվերսիայի փորձի կապակցությամբ։
«Հայտարարությունում կար մեղադրանք թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմին, համենայնդեպս ինչ-որ լուծումներ, իրավիճակի գնահատականներ հստակ չկային: Կարծում եմ, որ համանախագահները աստիճանաբար սկսում են խոստովանել, որ իրավիճակի նկատմամբ իրենց վերահսկողությունը բարձր չէ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ադրբեջանցու աճյունը վերադարձնելու համանախագահների կոչին այն դեպքում, երբ հայկական կողմի աճյունները ադրբեջանական կողմը բազմից խեղել է, սակայն ադեկվատ արձագանք չի եղել, Աղասի Ենոքյանն ասաց, որ համանախագահների այդ կոչը միտում ուներ երկու կողմին մեղադրել, հավասարակշռություն պահպանել, այսինքն՝ մի կողմից մեղադրում են Ադրբեջանին դիվերսիայի համար, մյուս կողմից՝ կոչ են անում հայկական կողմին աճյունը վերադարձնել:
«Ամեն դեպքում սա հումանիտար իրավունքի պարզագույն սկզբունք է, և կարծում եմ, որ հայկական կողմը կվերադարձնի»,-ասաց նա:
Քաղաքագետը նշեց, որ կարծում է, թե ավելի շատ մեծանում է Ռուսաստանի վերահսկողությունը գործընթացի նկատմամբ, ինչի հետևանքով նմանատիպ բախումներն ավելի հաճախակի և լայնածավալ կլինեն:
«Պարզապես պետք է Մինսկի խմբի հետ աշխատել, քանի որ եթե մենք Մինսկի խմբին պրոցեսից դուրս ենք թողնում, նրանից ակնկալելու շատ բան չենք ունենա: Ռուսաստանն ունի հստակ ձևավորված շահեր հակամարտության գոտում, իսկ Մինսկի խմբի համանախագահների շահերը ավելի բալանսավորված են»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 29-ին վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել էին դիվերսիոն ներթափանցման փորձ։










