Երևանում որդու կողմից հորն սպանելու դեպքի քննության ընթացքում մի շարք հանգամանքներ են պարզվել

13:39 • 10.01.17

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Երևանի բնակիչ Ալավերդի Թումասյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Սպանության համար մեղադրանք է առաջադրվել տուժողի որդուն:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

2016 թվականի հուլիսի 21-ին Երևանի բնակիչ Վ. Թումասյանից հաղորդում էր ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 03:00-ի սահմաններում, իրենց բնակարանում հայրը՝  Ա. Թումասյանը, վայր է ընկել, որի հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ: Ահազանգով նշված բնակարան մեկնած շտապօգնության բրիգադը արձանագրել է վերջինիս մահը:

Դատաբժշկի կողմից դիակի զննությամբ հայտնաբերվել են բռնության հետքեր. ախտորոշվել է գլխուղեղի դիֆուզ տրավմատիկ ախտահարում, մեխանիկական շնչահեղձություն, գլխուղեղի և պարանոցի փակ բութ վնասվածք, ողնաշարի կրծքային 1-ին ողի կոտրվածք և այլ վնասվածքներ:

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Ա. Թումասյանի սպանության դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել դեպքի մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, սպանության շարժառիթը:

Նախնական քննության տվյալներով՝ 2016 թվականի հուլիսի 20-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Ա. Թումասյանը կենցաղային հարցերի շուրջ տանը վիճաբանել է որդու հետ, որի ընթացքում վերջինս մի քանի անգամ հարվածել է հոր դեմքի և գլխի տարբեր մասերին՝ պատճառելով տարբեր վնասվածքներ, այնուհետև՝ ձեռքերով սեղմել պարանոցը, առաջացրել  մեխանիկական շնչահեղձություն։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` որդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: