Կոլումբիայում կամրջի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի

06:46 • 10.01.17

Կոլումբիայում կախովի կամրջի փլուզման հետևանքով զոհերի թիվը 7-ից հասել է 11-ի: Այդ մասին երկուշաբթի հաղորդել են հարավամերիկյան պետության փրկարար ծառայությունները:

«Տեղեկությունը, որին մենք տիրապետում ենք, խոսում է 11 մահացածի մասին»,- մեքսիկական Informador կայքը մեջ է բերում Կոլումբիայի  աղետների սպառնալիքների կառավարման վարչության տնօրեն Կառլսոն Իվան Մարկեսի խոսքերը:

Ըստ տեղի իշխանությունների տվյալների՝ ողբերգությունը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան Վիլյավիսենսիո քաղաքում: Զոհերի թվում կան երեխաներ, այդ թվում 1.5 տարեկան փոքրիկ, ով ողբերգության պահին եղել է մոր գրկում: Կառույցի բարձրությունը կազմել է 10-15 մետր:

Վիրավոր է ևս 13 մարդ: Նրանց տեղափոխել են հիվանդանոց: