Ծխախոտի օգտագործումը տարեկան 1 տրիլիոն դոլարի վնաս է հասցնում համաշխարհային տնտեսությանը. ԱՀԿ
Ծխախոտ ծխելը տարեկան կտրվածքով համաշխարհային տնտեսությանը տրիլիոն դոլարի վնաս է հասցնում: ТАСС գործակալության փոխանցմամբ` նման եզրակացություն է ներկայացվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ԱՄՆ-ի Քաղցկեղի ազգային ինստիտուտի համատեղ զեկույցում:
Շուրջ 700 էջ կազմող հետազոտությունը նվիրված է «ծխախոտային տնտեսությանն ու ծխախոտի վերահսկման տնտեսությանը»: Զեկույցի հեղինակները եկել են այն եզրակացության, որ «ծխախոտի արդյունաբերությունը և դրա արտադրանքի մահացու ազդեցությունը համաշխարհային տնտեսությանը տարեկան մեկ տրիլիոն դոլար է արժենում` հաշվի առնելով այն գումարը, որը ծախսվում է բուժման վրա և արտադրողականության կորուստը»:
Նշվում է, որ ծխախոտի օգտագործման հետևանքով ամեն տարի 6 մլն մարդ է մահանում ողջ աշխարհում: Հիմնականում դրանք զարգացող երկրների բնակիչներն են:
Ողջ աշխարհում 15-ից բարձր տարիքի 1.1 մլրդ ծխող մարդ է հաշվարկվում: Նրանցից 226 մլն աղքատության մեջ են բնակվում:










