Ես մշտապես ասել եմ, որ Պոլսո պատրիարքի ընտրությունների համար թույլտվության կարիք չունենք, սակայն Արամ Աթեշյանը դեմ է դրան․ Կարո Փայլան

19:03 • 10.01.17

Ես մշտապես ասել եմ, որ մենք կարիք չունենք Թուրքիայի կառավարությունից թույլտվություն ստանալու Պոլսո պատրիարքի ընտրությունների համար․Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Պոլսո պատրիարքարանի ընտրություններին՝ ասաց Թուրքիայի Մեջլիսի ժողովրդադեմոկրատական կուսակցության պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանը:

«Բայց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը և որոշ հայեր դեմ են դրան: Ես ասում եմ՝ ոչ, մենք պարզապես պետք է նրանց տեղեկացնենք, որ օրը որոշվել է, ընտրություններ պետք է լինեն»,- ասաց Կարո Փայլանը:

Նա նշեց, որ Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը դժբախտաբար պնդում է, որ ընտրություններ անցկացնելու համար Թուրքիայի կառավարության թույլտվությունը պարտադիր է:

«Նա գիտի, որ այս ընթացքում Թուրքիան թույլ չի տա։ Եվ օգտագործելով առիթը՝ նա փորձում է մի քանի ամսով կամ տարով շարունակել զբաղեցնել պատրիարքի աթոռը: Ցավոք սրտի, մարդիկ վախենում են և չեն կարողանում բարձրաձայնել այդ խնդիրը»,- ասաց պոլսահայ պատգամավորը:

Նա նաև նշեց, որ մինչև հիմա պարզ էլ չէ՝ արդյո՞ք պատրիարքարանից Թուրքիայի կառավարությանը ընտրություններ անցկացնելու համար դիմում ներկայացրել են, թե ոչ: «Նրանք ոչ մի հայտարարություն այդ մասին չեն արել»,- ասաց նա Կարո Փայլանը:

Նշենք, որ արդեն տևական ժամանակ է՝ Tert.am-ը Պոլսո պատրիարքարանից փորձում է ճշտել տեղեկատվությունը, թե նախորդ տարվա հոկտեմբերի 27-ից հետո, երբ հայտարարվել էր պատրիարքի ընտրություններ անցկացնելու ցանկության մասին, ինչու մինչ այժմ այդ առիթով Թուրքիայի կառավարությանը չեն դիմել։ Սակայն տեղեկանալով, որ իրենց հետ լրագրող է խոսում, պատրիարքարանից չեն պատասխանում հարցերին՝ անջատելով հեռախոսը: