ԱՄՆ-ն ՌԴ քննչական կոմիտեի ղեկավարին ներառել է «Մագնիտսկու ցանկում»
ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ընդլայնել է պատժամիջոցների «Մագնիտսկու ցանկը»՝ դրանում ավելացնելով մի շարք ռուսների անուններ, այդ թվում՝ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինին, գրում է kommersant.ru-ն:
Բացի այդ, ամերիկյան պատժամիջոցների տակ են հայտնվել Պետդումայի պատգամավոր Անդրեյ Լուգովոյը և ձեռնարկատեր ու նախկին հետախույզ Դմիտրի Կովտունը, որոնց Մեծ Բրիտանիան մեղադրել է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության նախկին աշխատակից Ալեքսանդր Լիտվինենկոյի սպանությանը ներգրավվածության համար:
Պատժամիջոցների ցանկում է հայտնվել նաև քննիչ Ստանիսլավ Գորդիևսկին, որը մեղադրվում է նրա համար, որ չի հետաքննել ոստիկանների հանցավոր գործողությունների մասին տեղեկությունները, երբ նախնական քննության ժամանակ զրուցել է Սերգեյ Մագնիտսկու հետ: Ցանկում հայտնվել է նաև «Универсальный банк сбережений» ընկերության տնօրենների խորհրդի նախկին նախագահ Գենադի Պլակսինը: Ընկերությունը մեղադրվում էր Hermitage Capital ներդրումային ֆոնդի կողմից (որի փաստաբանն էր Սերգեյ Մագնիտսկին) ավելի քան 1 միլիարդ ռուբլի բյուջետային միջոցների յուրացման համար:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում ընդունվել է, այսպես կոչված, «Մագնիտսկու օրենքը» (կամ «Մագնիտսկու ցուցակ»), որը նախատեսում է վիզային և տնտեսական պատժամիջոցների կիրառում Ռուսաստանի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք մեղավոր են Hermitage Capital հիմնադրամի իրավաբան Սերգեյ Մագնիտսկու մահվան և մարդու իրավունքների խախտման համար:
Մագնիտսկին մահացել է 2009թ.-ին, Ռուսաստանի քրեակատարողական հիմնարկներից մեկում (նա կալանավորվել էր հարկերից խուսափելու մեղադրանքով): Հետաքննության տվյալներով՝ մահվան պատճառը սրտային անբավարարությունն է եղել: Նրա հարազատներն ու գործընկերները, ինչպես նաև Վաշինգտոնը պնդում են, որ իրավաբանը մահացել է ժամանակին բուժօգնություն չստանալու պատճառով, ինչն արվել է կանխամտածված: Hermitage Capital-ն էլ հայտարարել է, թե նրա մահվան ետևում կանգնած են այն ռուս պաշտոնյանները, որոնց բազմամիլիոնանոց խարդախությունները Մագնիտսկին «ջրի երես էր հանել»:










