«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը ԱԺ ընտրություններում կունենան 3500 դիտորդ

18:04 • 10.01.17

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը նախատեսում են խորհրդարանական ընտրություններում ունենալ 3500 դիտորդ։ Այս մասին Tert.am-ի հետ զրուցում տեղեկացրեց «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող, «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանը՝ հավելելով, որ կազմակերպելու են դասընթացներ։

Արմեն Գրիգորյանի խոսքով՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ քաղաքական ուժերի, դիտորդների և լրագրողների համար խաղի կանոնները փոխվելու են, այդ մասին է խոսում առաջին հերթին կառավարման համակարգի փոփոխությունը, այնուհետև՝ ընտրական օրենսգրքում արված փոփոխությունները։

«Ընտրական օրենսգիրքը մի շարք դրույթներով հետընթաց է արձանագրել՝ լրագրողների լիազորությունների մասով, լրագրողների թվի սահմանափակում կա, լրատվամիջոցը չի կարող 50-ից ավելի լրագրողներ ներգրավել ընտրություններում, հանձնաժողովի քվեարկությամբ լրագրողը կարող է դուրս հրավիրվել ընտրատեղամասից, դրական փոփոխություն կա դիտորդների մասով, այժմ դիտորդները ԿԸՀ-ում քննություն չեն հանձնի»,-մանրամասնեց նա։

Արմեն Գրիգորյանը նկատեց, որ ընտրակեղծիքների կիրառումն էլ կախված կլինի իրավիճակից, եթե իշխանությունները տեսնեն, առանց դրա չեն կարող, ապա կդիմեն հին ու նոր մեթոդների, ինչպես սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի և ՏԻՄ ընտրությունների ժամանակ։

«Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգողի դիտարկմամբ՝ ԱԺ ընտրությունների գլխավոր առանձնահատկությունը կլինի այն, որ իշխանության գլխավոր կենտրոնի՝ վարչապետի պաշտոնի համար թեժ պայքար կլինի։

«Եթե նախկինում հնարավոր էր անձնական մակարդակով առաջադրվել, մարտահրավեր նետել իշխանությանը, ապա այժմ այդպես չէ։ Օրինակ եթե նախկինում Րաֆֆի Հովհաննիսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Վազգեն Մանուկյանը կարող էին առաջադրվել և միայնակ մարտահրավեր նետել իշխանություններին, այժմ դա շատ դժվար կլինի, անհրաժեշտ կլինի մեծ թիմով աշխատել, որպեսզի հնարավոր լինել մրցակցել ՀՀԿ-ի հետ։ Կլինի դաշինքով թե այլ կերպ, բայց կուսակցությունները պետք է համախմբվեն»,-ընդգծեց նա։

Արմեն Գրիգորյանը նաև նշեց, որ ռեյտինգային քվեարկությունն ըստ էություն մեծամասնականի կրկնօրինակումն է, կուսակցություններն անձանց կստիպեն աշխատել իրենց համար։