Կառավարությունում արդեն հասկացել են, որ այդ ծրագիրը «բարի ցանկությունների փաստաթուղթ» է. իրանագետը Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման մասին

21:20 • 11.01.17

Իրանագետ Արմեն Վարդանյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը մշտապես ասել է, որ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումն անիրատեսական է, քանի որ այդ ծրագիրը տնտեսական առումով անհեռանկարային և ոչ շահավետ․ո՛չ Հայաստանից, ո՛չ էլ այլ երկրից ոչ մի ներդրող 3.2 միլիարդ դոլար չի ներդնի այդ նախագծի մեջ:

«Հայ-իրանական հարաբերություններում այս հարցի հետ կապված որևէ ինտրիգ փնտրել պետք չէ,- ասաց նա՝ հավելելով, որ երկաթուղու կառուցումը պարզապես տնտեսական առումով ձեռնտու չէ,-Իրանը Հայաստանին խոստացել էր կառուցել դեպի Հայաստանի սահման իրանական հատվածի 60 կիլոմետրը, իսկ մնացած մասը Հայաստանը պետք է կառուցեր: Հասկանալի էր, որ Հայաստանն այդ գումարը չուներ, դրա համար փորձում էր ներդրողներ գտնել»:

Նշենք, որ արդեն հայկական լրատվամիջոցներով տարածվում է տեղեկատվություն, որ կառավարությունը շուտով պաշտոնապես վերջակետ կդնի Իրան-Հայաստան երկաթուղու ծրագրին: Կառավարության վաղը կայանալիք նիստի օրակարգում լինելու է «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ի լուծարելու հարցը:

Արմեն Վարդանյանը հիշատակեց, որ 2015 թվականին նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Չինաստանում ծրագիրը ներկայացրեց, փորձեց ծրագիրը ներառել հայտնի չինական Մետաքսի ճանապարհի նախագծում: «Չինաստանում նաև հայտարարել էին, որ իրենք հետաքրքրված են ծրագրով, բայց հետո հրաժարվել են»,- ասաց նա՝ նաև հիշեցնելով, որ նախագահ Սերժ Սարգսյանը 2015 թվականին Ուֆայում Շանհայի և ԵԱՏՄ-ի համատեղ գագաթաժոողովին ևս խոսեց այդ մասին, սակայն արձագանք չեղավ:

Իրանագետը նշեց, որ այսօրվա կառավարությունում արդեն հասկացել են, որ այդ ծրագրի վրա «փոշի է նստել», որ այն «բարի ցանկությունների փաստաթուղթ» է, և քանի դեռ ռեալ գործնական քայլեր չկան, այն իրականություն չի դառնա:

«Հավանաբար Կարեն Կարապետյանի նախաձեռնած օպտիմալացման շրջանակներում հասկացան, որ ծրագիրն ավելորդ ծախսեր է պահանջում, և պետք է օպտիմալացնեն»,- նկատեց Արմեն Վարդանյանը:

Իրանն ու Հայաստանը, ըստ նրա, ավելի արդյունավետ տարբերակներ ունեն համագործակցության: Նա մատնանշեց նաև կառավարության կողմից հավանության արժանացած նախագիծը՝ ավտոմոբիլային միջոցներով Հայաստան բերված իրանական ապրանքը Վրաստանի նավահանգիստներ արտահանելը Երասխի երկաթուղուց: «Այս առումով Հայաստանի կառավարությունը պետք է արագացնի Հյուսիս-Հարավ մայրուղային ճանապարհի շինարարությունը: Գիտենք, որ հյուսիսային հատվածում են աշխատանքներ գնում, իսկ հարավային մասում առայժմ ճանապարհի կառուցում չի նշմարվում»,- ասաց նա:

Արմեն Վարդանյանը շեշտադրեց, որ Հայաստան-Իրան երկաթուղու շինարարության չիրականացումը ոչ մի խնդիր չի առաջացնի երկու երկրների միջև եղած հարաբերություններում: «Ընդհակառակը, բոլորն էլ կարծես համակերպվել էին այն մտքի հետ, որ շինարարությունը տեղի չէր ունենա: Հրաշք կլիներ, եթե ներդրող հայտնվեր․․․ Բայց և՛ մեր, և՛ իրանական կողմում պրագմատիկ մարդիկ են, հասկանում են, որ դա իրատեսական նախագիծ չէ»: