«Հայկանդուխտը» դատի է տվել Արթուր Բաղդասարյանին
«Հայկական վերածնունդ» կուսակցությանը միացած, սակայն տևական ժամանակ ՀՎԿ-ի հետ խնդիրներ ունեցող «Հայկանդուխտ»-ի նախագահ Արմենուհի Ղազարյանը դատի է տվել Արթուր Բաղդասարյանին և ԱՆ պետռեգիստրին՝ պահանջելով չեղյալ համարել «Հայկական վերածնունդի» գրանցումը:
«Հայկանդուխտ» կուսակցության նախագահ Արմենուհի Ղազարյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը նախ դիմել էր Կենտրոն Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան, սակայն դեկտեմբերի 20-ին առանց իրեն դատարան կանչելու դատավոր Ռուբեն Ներսիսյանը որոշել է, որ ընդդատյա չէ իր դիմումը:
Երեկ Անահիտ Ղազարյանը դիմել է Վարչական դատարան՝ ներկայացնելով «Հայկական վերածնունդ» կուսակցության կանոնադրությունը, կուսակցության հիմնադիր համագումարի թիվ մեկ արձանագրությունը, կուսակցության պետռեգիստր ներկայացնելու դիմումը և պահանջել նշված կուսակցության պետռեգիստրի պետական գրանցումն անվավեր ճանաչել:
««Հայկական վերածնունդ» կուսակցության հիմնադիր համագումար չի եղել: Թիվ մեկ արձանագրությունը չգիտեմ որտեղի համագումարից են վերցրել, կազմել, ակնհայտ կեղծիքներով է: Բացի դա՝ համաձայն թիվ մեկ արձանագրության՝ ՕԵԿ-ը չի վերակազմակերպվել միաձուլման տարբերակով, Արթուր Բաղդասարյանն էլ փաստացի հանդիսանում է և ՕԵԿ նախագահ, և «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ»,-ասաց Արմենուհի Ղազարյանը։
«Միաժամանակ համաձայն թիվ մեկ արձանագրության՝ 2016-ի փետրվարի 21-ին իբրև թե կայացած հիմնադիր համագումարի, Արթուր Բաղդասարյանը «Ագրարային կուսակցության» անդամ էր հանդիսացել և ընտրվել էր ՀՎԿ-ի նախագահ: Բացի դա էլ, «Ագրարային կուսկացության» նախագահը մամուլում հարցազրույց էր տվել, որ Արթուր Բաղդասարյանը երբևէ չի եղել «Ագրարային կուսակցության» անդամ: Այսինքն՝ կեղծիքն ակնհայտ է: Խախտվել է «Կուսակցությունների մասին» օրենքը»,– ավելացրեց նա:
«Հայկանդուխտ» կուսակցության նախագահն իր հայցադիմումներն ուղարկել է նաև Արթուր Բաղդասարյանին: «Հույսեր ունեմ, որ կհաղթեմ, որովհետև իմ պահանջն արդարացի է և բխում է օրենքի պահանջից: Ես հիմնավորում եմ իմ հայցադիմումում, որ կոպիտ կերպով խախտել է «Կուսակցությունների մասին» օրենքը: Եթե դատավորը կհամարի, որ ճիշտ է արվել, ուրեմն ինքն էլ է խախտում օրենքը»,- ասաց Ղազարյանը՝ հավելելով, որ կհասնի մինչև Եվրադատարան:










