ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցնելուն զուգահեռ պետք է վերահսկողական մեխանիզմներ կիրառի բանկերի նկատմամբ. տնտեսագետ
Կենտրոնական բանկը վերջին մի քանի ամիսներին առնվազն երեք անգամ իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչը տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը դրական քայլ է որակում:
Մինչդեռ, ըստ տնտեսագետի, վերաֆինանսավորման տոկոսադրույք իջեցնելը որպեսզի ինքնանպատակ չլինի, դրա հետ միասին պետք է ԿԲ-ն համապատասխան վերահսկողական մեխանիզմներ կիրառի առևտրային բանկերի նկատմամբ:
«ԿԲ-ի կողմից դրական քայլ է, որպեսզի ապահովեն վարկերի տոկոսադրույքների համար նպաստավոր ռեժիմ: Եթե հիշենք, ֆինանսական մեծ ճգնաժամին՝ 2009թ-ին, երբ զարգացած երկրները վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրեցին մինչև 1 - 1,5 տոկոսով, այդ պարագայում Հայաստանում, չգիտես ինչու, բարձրանում էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչը սխալ քաղաքականություն էր: Իսկ եթե վերջին 4 ամսվա դիտարկումով իջեցվում է, ապա դա ես դրական եմ գնահատում: Բայց թե ինչու առևտրային բանկերը չեն արձագանքում, դա արդեն շատ զարմանալի է»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Տնտեսագետը դրա համար երկու բացատրություն կարող էր տալ. նախ, որ հունվարի մեկից ԿԲ-ն բարձրացրել է բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը՝ 30 մլրդ դրամ:
«Երևի բանկերը տարված են այդ խնդրով, որ սահմանված կապիտալը ունենան: Բայց պետք է ասել, որ մեզ մոտ առևտրային բանկերն ըստ էության և իրականում ընդամենը վաշխառու կազմակերպություններ են, երբեք չեն նպաստել տնտեսության զարգացման կարևորագույն խնդրին՝ ունենալով վարկային հսկայական ռեսուրսներ»,-ասաց նա և նշեց, որ դրա համար ԿԲ-ն պետք է որոշում կայացնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցնելով՝ նաև համապատասխան տնտեսական գործիքներ կիրառի կամ էլ վերահսկողական իր ֆունկցիաներն իրականացնի առևտրային բանկերի նկատմամբ:
«Որպեսզի իր քաղաքականությունը իջեցնելով իր վերջնական արդյունքը տա՝ ունենալով օրենքով այդ իրավասությունը, պետք է կարողանա կանոնակարգել այդ խնդիրը: Ինչո՞ւ չէ, նաև կառավարությունը պետք է մտածի տնտեսության զարգացման համար վարկային էլ ավելի լավ ռեսուրսներ, էժան ռեսուրսներ տա, որպեսզի տնտեսությունը վերջիվերջո այս ռեցեսիայի վիճակից պոկում կատարի դեպի զարգացում»,-ասաց նա:










