«Հայկական վերածնունդը» դեռ չի ստորագրել Վանաձորի ավագանին լուծարելու դիմումը
Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այսօր կառավարությանն է ներկայացնելու ավագանին լուծարելու մասին դիմումը։ Այս մասին Tert.am-ի հետ զրուցում նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ քննարկումները ավագանու մյուս ուժերի հետ շարունակվում են։
«Անգործունակ ավագանի է, պիտի լուծարվի»,-նկատեց նա։
Tert.am-ի հետ զրուցում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իրենք դիմումն արդեն ստորագրել են և փոխանցելու են «Լուսավոր Հայաստանին», որպեսզի այսօր դիմումը ներկայացվի կառավարությանը։
Tert.am-ի հետ զրուցում «Հայկական վերածնունդ» կուսակցության լրատվական-քարոզչական մասի ղեկավար Էդգար Առաքելյանը դիմումին միանալու մասին ստույգ պատասխան չտվեց։
«Մենք արդեն հայտարարություն արել ենք, մեր դիրքորոշումը հետևյալն է՝ ինչ ասում է «Լուսավոր Հայաստանը», մենք դրան կողմ ենք, միևնույն ժամանակ գտնում ենք, որ ավագանին լուծարելու հարցը կառավարության խնդիրն է»,-ասաց նա։
Ճշտող հարցին, թե կոնկրետ դիմումը ստորագրելո՞ւ են, Էդգար Առաքելյանը պատասխանեց. «Կդիմեն, եթե կառավարությունը կորոշի լուծարել, դա իր որոշման տիրույթում է, մենք «Լուսավոր Հայաստանի» մոտեցումը կիսում ենք»։










