Ֆրանսիայում ազատ են արձակել Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործով չորս կասկածյալի. Europe 1
Լուսանկարում՝ Քիմ Քարդաշյանը և նրա վարորդը Փարիզում
Ֆրանսիայի ոստիկանությունը երեքշաբթի երեկոյան ազատ է արձակել Փարիզում ամերիկյան իրապատում շոուների աստղ Քիմ Քարդաշյանի կողոպուտի հետաքննության շրջանակում ձերբակալված չորս կասկածյալի: Այդ մասին հայտնում է Europe 1 ռադիոկայանը:
Նշվում է, որ ազատ արձակվածներից մեկը Քարդաշյանի վարորդն է, որը նրան տեղափոխում էր քաղաքում, երբ վերջինս հոկտեմբերին Նորաձևության շաբաթվան մասնակցելու համար ժամանել էր Փարիզ։
Ռադիոկայանի տվյալներով՝ երկուշաբթի ձերբակալվել է 17 կասկածյալ, անցկացվում են մյուս ձերբակալվածների հարցաքննությունները:
RTL ռադիոկայանի տվյալներով՝ ձերբակալվածները կողոպուտի անմիջական մասնակիցներ են եղել: Հանցախմբի կազմում եղել է նաև երեք կին, իսկ մասնակիցներից ամենամեծը եղել է 72 տարեկան:
Ֆրանսիայի իշխանություններն ավելի վաղ հայտնել էին, որ Քիմ Քարդաշյանին հոկտեմբերի 3-ին կողոպտել է ոստիկանական հագուստով առնվազն երկու տղամարդ, որոնք ատրճանակ են պահել աստղի քունքին:
Տղամարդիկ մտել էին Քարդաշյանի հյուրանոցային համար, այնուհետև կապել նրան և փակել լոգարանում:
Նրանք հեռացել էին դեպքի վայրից ընդհանուր մոտ 10,5 միլիոն դոլար արժողությամբ թանկարժեք զարդերով:
Ֆրանսիայի ոստիկանությունը հայտնել էր, որ ձերբակալություններն իրականացվել են հանցագործության վայրում թողած ԴՆԹ-ի հետքերի օգնությամբ: Ձերբակալությունները կատարվել են Փարիզում վաղ առավոտյան իրականացված գործողությունների ժամանակ:










