Թուրքիայում Սահմանադրական փոփոխությունները կխորացնեն բռնատիրությունը. թուրքագետ

22:54 • 11.01.17

Թուրքագետ Լևոն Հովսեփյանը գտնում է, որ Թուրքիայում իրականացվող Սահմանադրական փոփոխություններով մեծանում են նախագահի լիազորությունները և, անցնելով կառավարման նախագահական համակարգին, անցում է կատարվում դեպի խորացված բռնատիրության: «Այն միտումները, որ վերջին շրջանում կային ավելի կխորանան և Էրդողանի անձի իշխանությունն էլ ավելի կամրապնդվի: Այսինքն` սահմանադրորեն կամրագրվի նախագահական համակարգի անցումը և էլ ավելի կխորանա բռնատիրությունը, անձի իշխանությունը»,-ասաց նա:

Լևոն Հովսեփյանը նշեց, որ թեև միջազգային կառույցների արձագանքը բավականին կոշտ է վերջին շրջանում Թուրքիայում իրականացվող տարբեր գործընթացների հետ կապված, սակայն դա Թուրքիայի իշխանություններին չի խանգարում, որպեսզի իրենց որդեգրած քաղաքական  գիծը շարունակեն: «Այս համատեքստում կարող ենք ասել, որ մենք մեր կողքին ունենում ենք ժողովրդավարության գործընթացներից շեղում ունեցող, դեպի բռնակալության գնացող պետություն, իսկ նման համակարգերը հղի են լինում անկանխատեսելի իրավիճակներով»,-ասաց նա և նշեց, որ ներկայիս իշխանությունների ընդհանուր վարքագիծը որևէ դրական բան չի խոստանում:

Ինչ վերաբերում է Թուրքիայում ազատական մտածողությամբ խավին, ապա թուրքագետն ասաց, որ Թուրքիայում ազատական մտածողության այն որոշ շերտը, որ ձևավորվել էր և իր խոսքն էր ունենում, այդ թվում Ցեղասպանության հետ կապված հարցում,  ավելի կմեկուսանա և կչեզոքացվի Թուրքիայում:

Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը երկրի խորհրդարան է ներկայացրել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագիծը, որը ներառում է նաև կառավարման խորհրդարանական համակարգից նախագահականին անցում: