Ստորագրված ընտրական ցուցակները ներբեռնելու հնարավորությամբ կտեղադրվեն ԿԸՀ կայքում. Տ. Մուկուչյան

17:10 • 11.01.17

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր սահմանել է Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների սկանավորման կարգը:

Հիմնական զեկուցող, ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշել է, որ հանձնաժողովն Ընտրական նոր օրենսգրքին համապատասխան պետք է ընդունի նոր կանոն, որի համաձայն` ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակները սկանավորվեն և հրապարակվեն:

«Այժմ մենք ներկայացնում ենք որոշման նախագիծ, որի համաձայն` ընտրական ցուցակների սկանավորման աշխատանքները իրականացվում են ընտրությունների հաջորդ օրը` ժամը 12:00-ից սկսած: Սկանավորված ընտրական ցուցակները ներբեռնելու հնարավորությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում պետք է տեղադրված լինեն սկանավորման աշխատանքները սկսելուց հետո 24 ժամվա ընթացքում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մանրամասնել է Մուկուչյանը:

Համապատասխան որոշման նախագիծը դրվել է քվեարկության, որին հանձնաժողովի բոլոր 7 անդամները միաձայն կողմ են քվեարկել: