Օբաման չի կարողացել զսպել հուզմունքը հրաժեշտի խոսքում կնոջը դիմելու ժամանակ (լուսանկարներ, տեսանյութ)
Միացյալ Նահանգների գործող նախագահ Բարաք Օբաման Չիկագոյում հանդես է եկել երկրի ղեկավարի պաշտոնում վերջին՝ հրաժեշտի խոսքով, որի շրջանակում անդրադարձել է նաև իր ընտանիքին:
Ինչպես նշում է usmagazine.com-ը, մասնավորապես կնոջը՝ Միշել Օբամային ուղղված շնորհակալական խոսքում նախագահը չի կարողացել զսպել հուզմունքն ու մի պահ արտասվել է:
«Անցած 25 տարվա ընթացքում դու եղել ես ոչ միայն իմ կինն ու երեխաների մայրը, այլև՝ լավագույն ընկերս: Դու ստանձնեցիր մի պարտականություն, որի մասին չէիր երազում, բայց յուրացրիր այդ դերը մեծ վեհությամբ ու քաջությամբ: Դու ստիպեցիր ինձ և ամբողջ երկրին հպարտանալ»,-ասել է Օբաման՝ հուզված նայելով կնոջը:
Այս խոսքերից հետո բոլոր ներկաները ոտքի են կանգնել ու բուռն ծափահարել առաջին տիկնոջը:
Հետաքրքրական է, որ Օբամայի հուզական ելույթն անտարբեր չի թողել նրա ավագ դստերը` Մալիային, ով, լսելով հոր՝ մորն ուղղված ջերմ ու անկեղծ խոսքերը, չի կարողացել զսպել արցունքները:
The Daily Mail-ը հավելում է, որ Օբամայի ելույթից հուզվել են նաև փոխնախագահ Ջո Բայդենն ու լրագրողները:














