Ավստրալիայի խաղահրապարակներից մեկում կոկորդիլոս է հայտնաբերվել (լուսանկար)

12:58 • 11.01.17

Ավստրալական Քվինսլենդ նահանգի Բրեմսթոն Բիչ քաղաքի խաղահրապարակներից մեկում կոկորդիլոս է հայտնաբերվել: Կենդանու հայտնվելու հնարավոր պատճառը, իշխանությունների ենթադրությամբ, հորդառատ անձրևներն են, որոնց հետևանքով կոկորդիլոսները հայտնվում են «անսպասելի վայրերում»:

The Guardian-ի հաղորդմամբ` բնակիչները նկատել են 1,5 մետր երկարությամբ կոկորդիլոսին խաղահրապարակի մոտակայքում: Դրանից հետո մասնագետները կենդանուն բռնել և տեղափոխել են ապաստարան:

Նշվում է, որ հետագայում այն կտեղավորվի կենդանիների ֆերմայում կամ կենդանաբանական այգում:

«Ընտանիքիս հետ ապրում եմ այստեղ արդեն երկար տարիներ, սակայն առաջին անգամ եմ նման բան տեսնում: Լավ է, որ աշխատակիցներն արագ ժամանեցին և բռնեցին կոկորդիլոսին, քանի որ այստեղ սովորաբար շատ երեխաներ են խաղում», - պատմել է կոկորդիլոսին առաջինը նկատած բնակչուհու ամուսինը: