Տոմսկի քաղաքապետը բնակիչներին առաջարկել է ինքնուրույն մաքրել ձյունը
ՌԴ Տոմսկ քաղաքի քաղաքապետ Իվան Կլյայնը ոչ անտարբեր քաղաքացիներին առաջարկել է ինքնուրույն մաքրել բակերի և մուտքերի ձյունը: Համապատասխան ծառայությունները պետք է քաղաքացիներին ապահովեն անհրաժեշտ տեխնիկայով: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն` մեջբերելով Տոմսկի քաղաքապետարանի կայքում հրապարակված ուղերձը:
«Վերջին 18 տարվա ընթացքում մեր քաղաքում այս քանակությամբ տեղումներ չէին եղել: Ստեղծված եղանակային անոմալիայի պայմաններում մեր ռեսուրսները չեն հերիքել ճանապարհների և մայթերի մաքրությունն ապահովելու համար: Սա պետք է օբյեկտիվորեն ընդունել և անել հետագայի համար անհրաժեշտ բոլոր հետևությունները», - ասել է Կլյայնը:
Քաղաքապետը նաև առաջարկել է սեփականություն ունեցող ղեկավարներին և ձեռնարկությունների աշխատակազմերին ձնից մաքրել իրենց օբյեկտների հարակից տարածքները:
Հաղորդվում է, որ Տոմսկում ձյան շերտի հաստությունը հասնում է ավելի քան 90 սանտիմետրի:










