Ես այժմ նույն խնդիրներն ունեմ տղամարդկանց հետ, ինչ 20 տարեկանում. Բելուչիի հարցազրույցը Комсомольская Правда-ին
Իտալացի հայտնի դերասանուհի Մոնիկա Բելուչին հարցազրույց է տվել Комсомольская Правда թերթին՝ խոսելով ոչ միայն մասնագիտական, այլև շատերին հետաքրքրող անձնական թեմաների շուրջ:
Լրագրողը Բելուչիի հետ զրույցում, բնականաբար, չի կարողացել շրջանցել կանացի գրավչության և գեղեցկության թեման:
«Ըստ իս՝ գեղեցկությունը պարգև է: Բայց այն կարող է առաջացնել բազմաթիվ իրարամերժ զգացողություններ՝ հետաքրքրասիրությունից մինչև բռնություն կիրառելու ցանկություն: Պետք է սովորել այդ ամենի հետ գործ ունենալ»,-նշել է Բելուչին:
Միլիոնավոր տղամարդկանց և կանանց համար գեղեցկության բացառիկ խորհրդանիշ համարվող դերասանուհին անկեղծորեն ասել է, որ այժմ՝ 52 տարեկանում, նա տղամարդկանց հետ նույն խնդիրներն ունի, ինչ 20 տարեկանում:
«Կարծում եմ՝ տարիքի հետ մեր հոգին ու դեմքն ավելի հետաքրքիր են դառնում: Տարիքի հետ մի նոր, այլ գեղեցկություն է սկսվում, որը մենք պետք է ընդունենք: Իսկ եթե դուք սկսում եք պայքարել դրա դեմ, ապա ոչ մի լավ բան չի ստացվում: Սակայն, եթե դուք ներքուստ համաձայնության գաք ժամանակի ընթացքի հետ, ապա կհասկանաք, որ աչքերի շուրջ կնճիռները չեն տգեղացնում ձեզ: Պարզապես դա այլ գեղեցկություն է: Ես հարգում ու սիրում եմ կանանց, և կարծում եմ, որ նրանց գեղեցկությունը ոչ մի կերպ կապված չէ տարիքի հետ: Գեղեցկությունն այն է, ինչ ձեր ներսում է: Հենց ադ էլ իրական գեղեցկությունն է»,-իր տեսակետով կիսվել է կրքոտ իտալուհին:
Գեղեցկությունից սահուն անցում կատարելով սիրո հավերժական թեմային՝ Բելուչին առանց ավելորդ մանրամասների ասել է, որ առաջվա պես շարունակում է հավատալ սիրուն:










