Բացվել է Գերմանիայում դարի ամենահեղինակավոր մշակութային նախագիծը համարվող Համբուրգի նոր համերգասրահը (լուսանկարներ, տեսանյութ)
Դեկտեմբերի 11-ին գերմանական Համբուրգ քաղաքում բացվել է Էլբֆիլհարմոնիա համերգասրահը (Elbphilharmonie Konzerthaus), որը համարվում է դարի ամենահեղինակավոր մշակութային նախագիծը երկրում: Համբուրգի նավահանգստի մոտակայքում գտնվող շինությունը ջրի վրա լողացող նավ է հիշեցնում:
Der Spiegel-ի հաղորդմամբ` նոր տեսարժան վայրի շինարարությունը սկսվել է 2006 թվականին` թեյի, ծխախոտի և կակաոյի պահեստի հիման վրա: Շինության նախագծի հեղինակը ճարտարապետ Ժակ Հերցոգն է:
Նշվում է, որ համերգասրահի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու նախագահ Յոախիմ Գաուկը: Արարողության ժամանակ կատարվել են Բեթհովենի, Կավալիերիի և Վագների ստեղծագործությունները:
Աղբյուրը մանրամասնում է, որ Էլբֆիլհարմոնիայի հիմնական սրահում 2.100 նստատեղ կա, և հանդիսատեսից յուրաքանչյուրը դիրիժորից գտնվելու է 30 մետրից ոչ հեռու տարածության վրա:
Կայքը գրում է, որ ճարտարապետներն Էլբֆիլհարմոնիան քաղաք են անվանել, քանի որ դրանում ռեստորաններ, հյուրանոց և աղյուսե ու ապակե շերտերի արանքում գտնվող 37 մետր բարձրությամբ պլազա կա, որից բացվում է քաղաքի համայնապատկերը:
Die Zeit-ի տվյալների համաձայն` նախագծի վերջնական բյուջեն կազմել է մոտ 790 միլիոն եվրո:
Համերգասրահում կկատարվի տարբեր ժանրերի երաժշտություն` ավանդական սիմֆոնիկ համերգներից և օպերաներից մինչև ժամանակակից իմպրովիզացիաներ և էլեկտրաերաժշտություն:
«Էլբֆիլհարմոնիայի կառուցումը Համբուրգն այցելելու, այս արտառոց շինությունը տեսնելու և երաժշտության ուժը զգալու հրավեր է աշխարհին», - ասել է Համբուրգի քաղաքապետ Օլաֆ Շոլցը:










