Վարչապետը հանձնարարեց ՀՀ էներգետիկ համակարգի մինչև 2036թ. զարգացման ծրագրի վերաբերյալ առաջարկներ ներկայացնել
Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց էներգետիկայի և բնական պաշարների և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին էներգետիկ համակարգի զարգացման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել եռամսյա ժամկետում:
«Նախարարներին հանձնարարվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ համագործակցելով ուսումնասիրել և եռամսյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել ՀՀ էներգետիկ համակարգի մինչև 2036 թվականի զարգացման ծրագրում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու առաջարկություն»,-ասաց վարչապետը:
Վարչապետն ասաց՝ հանձնարարականի նպատակն է նվազագույն գնով էլեկտրաէներգիայի արտադրությունը, ելնելով դրանից՝ կարևորել նաև տարածաշրջանային երկրների հետ բանակցությունների ակտիվացումը և ներքին հնարավորությունների օգտագործումը:
«Հաշվի առնելով ՀՀ տնտեսության զարգացման միտումները, համաշխարհային շուկայում վառելիքի փոփոխության տենդենցները, դեպի Իրան և Վրաստան էլեկտրահաղորդման նոր ուղղությունների կառուցումն ու էներգետիկ հարթակում իրականացվող լայնածավալ ներդրումները և այլ հարցեր՝ պետք է ունենալ հստակ ծրագիր, թե ինչի կարիք ունենք մենք»,-ասաց վարչապետը:










