Զայրացած Թրամփն ասուլիսի ժամանակ հրաժարվել է պատասխանել CNN-ի հարցին՝ այն «կեղծ լուրեր տարածող» անվանելով (տեսանյութ)
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի Նյու Յորքում կայացած ասուլիսի ժամանակ հրաժարվել է պատասխանել CNN հեռուստաալիքի լրագրողի հարցին, գրում է The Guardian-ը:
Հիշեցնենք, որ CNN-ը մեկ օր առաջ հոդված էր հրապարակել, որում գրել էր, որ Թրամփին և Բարաք Օբամային հատուկ ծառայությունները զեկուցել են, որ տեղեկություններ կան այն մասին, որ Ռուսաստանը ֆինանսական և անձնական տեղեկատվություն ներառող կոմպրոմատներ ունի նորընտիր նախագահի դեմ:
«Դուք հարց տալ չեք կարող: Ձեր կազմակերպությունը սարսափելի է»,-ասել է Թրամփը, երբ CNN-ի՝ Սպիտակ տան լրագրողը փորձել է հարց ուղղել նրան:
«Քանի որ դուք հարձակվում եք մեզ վրա, կարո՞ղ եք մեզ հարցի իրավունք տալ: Պարոն նորընտիր նախագահ, քանի որ դուք հարձակվում եք մեր լրատվական կազմակերպության վրա, կարո՞ղ եք մեզ հնարավորություն տալ»,- հարցրել է լրագրողը:
«Ես չեմ պատրաստվում ձեզ հարցի իրավունք տալ: Դուք կեղծ լուրեր տարածող լրատվամիջոց եք»,- ասել է նորընտիր նախագահը:
Բացի այդ, Թրամփը մեկ այլ լրատվամիջոցի՝ BuzzFeed-ին աղբի կտոր է անվանել:
Թրամփին զայրացրել է այն, որ BuzzFeed-ը, որպես հրապարակման արդարացում հիմնվելով CNN-ի ավելի վաղ հրապարակված հոդվածի վրա, Թրամփի և Ռուսաստանի միջև կապերի և Թրամփի ու մարմնավաճառների մասնակցությամբ Ռուսաստանի հատուկ ծառայությունների տրամադրության տակ գտնվող սեքս-տեսանյութերի մասին տեղեկատվություն պարունակող 35 էջանոց զեկույց է հրապարակել, որի իսկությունը հաստատված չէ:
CNN-ն ավելի ուշ հայտարարությամբ է հանդես եկել լրատվամիջոցի դեմ Թրամփի թիմի քննադատության առնչությամբ. «CNN-ի որոշումը՝ հրապարակել մանրամասն ընտրված աղբյուրներով հոդված մեր կառավարության գործունեության մասին, մեծապես տարբերվում է BuzzFeed-ի որոշումից՝ հրապարակել չհիմնավորված տեղեկություններ»:
Լրատվամիջոցը նշել է, որ իրենք հստակ ցույց են տվել, որ մտադրություն չունեն հրապարակել զեկույցում պարունակվող չհաստատված տեղեկությունները, և խնդրել է Թրամփի թիմին հստակեցնել, թե հրապարակման մեջ ինչն է եղել ոչ ստույգ:










