Չինաստանում սկսվել է ամանորյա ռեկորդային ուղևորափոխադրումների «Չունյուն» սեզոնը
Ուրբաթ՝ հունվարի 13-ին, Չինաստանում սկսվել է ամանորյա ռեկորդային ուղևորափոխադրումների «Չունյուն» սեզոնը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
2017 թվականին սեզոնը կտևի 40 օր՝ հունվարի 13-ից փետրվարի 21-ը: «Չունյունը» համարվում է աշխարհում ամենախոշոր միգրացիոն երևույթը:
Ավելի վաղ Չինաստանի բարեփոխումների և զարգացման հարցերով պետական կոմիտեն հայտնել է, որ այս տարի «Չունյուն»-ի ընթացքում Չինաստանի տրանսպորտային համակարգը կփոխադրի 2,978 միլիարդ քաղաքացու, ինչը 2,2 տոկոսով ավելի է անցած տարվա ցուցանիշից: Համեմատության համար 2016 թվականին Չինաստանի բնակիչներն ամանորյա տոների օրերին կատարել են մոտ 2,91 միլիարդ ուղևորություն: 2015 թվականին «Չունյունի» ժամանակ ուղևորափոխադրումը կազմել է մոտ 2,8 միլիարդ մարդ:
Համաձայն Չինաստանի բարեփոխումների և զարգացման հարցերով պետական կոմիտեի հաշվարկների՝ ավտոտրանսպորտից օգտվելու է 2,52 միլիարդ ուղևոր, երկաթուղային տրանսպորտից՝ 356 միլիոն, ավիացիայից՝ 58,3 միլիոն ուղևոր: Եվս 43,5 միլիոն ուղևորի կփոխադրի ջրային տրանսպորտը:
2017 թվականին Չինաստանում պաշտոնական ամանորյա տոները կտևեն հունվարի 27-ից փետրվարի 2-ը ներառյալ:










