ՀԱՄԱՍ-ի գրոհայինները գրավիչ աղջիկների կեղծ էջերով փորձել են տեղեկություններ ստանալ իսրայելցի զինվորների հեռախոսներից
ՀԱՄԱՍ շարժման գրոհայինները գրավիչ աղջիկների կեղծ էջերով հավելված են ստեղծել իսրայելցի զինվորականների բջջային հեռախոսները կոտրելու և նրանց հետևելու համար: Այդ մասին հայտնում է BBC News-ը:
Պաղեստինյան իսլամիստական շարժման անդամներն օգտագործել են սոցիալական ցանցերից պատահական կանանց լուսանկարներ և գրավիչ աղջիկների անունից իսրայելցի զինվորներին առաջարկել բեռնել հավելվածը, որով իբր կարելի էր «տեսաչաթ» անել:
Զինվորականներն աղջիկների հետ տեսակապով զրուցելու հույսով բեռնել են հավելվածը և հեռախոսը վարակել վիրուսներով: Ծրագրի տեղադրումից հետո գրոհայինները հնարավորություն են ստացել հեռակա կարգով կառավարել սարքի տեսախցիկը և բարձրախոսը:
Նշվում է, որ կեղծ էջերին հավատացել են տասնյակ զինվորներ: Այնուամենայնիվ, իսրայելական բանակի ներկայացուցիչը նշել է, որ իսլամիստներին չի հաջողվել որևէ կարևոր տեղեկատվություն ձեռք բերել: Ի դժբախտություն վիրուսը տարածողների՝ հավելվածը բեռնել են հիմնականում սովորական զինվորները, մինչդեռ գրոհայինները ձգտում էին հասնել բարձրաստիճան զինվորականների:










