«Մեգին հանուն երեխաների» ֆիլմը պատմում է «Ավրորա» մրցանակի երկարաժամկետ ազդեցության մասին (տեսանյութ)
«Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր, Բուրունդիի REMA հիվանդանոցի և Խաղաղության Տան (Maison Shalom) հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն 2016թ. ստացավ բացառիկ հնարավորություն՝ 1 միլիոն դոլարի դրամաշնորհի առաջադրելով իրեն գործի մղած և ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։ Բարանկիցեն ընտրեց իր գործընկերներին՝ «Բրիդերլեխ Դելեն» (Լյուքսեմբուրգ), «Ժան-Ֆրանսուա Պետերբրոկ» և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսի և Մեծ Դքսուհու հիմնադրամներին:
Այս մասին հայտնում է auroraprize.com կայքը։
«Ես ընտրել եմ այս երեք կազմակերպությունները, որովհետև գիտեմ, որ նրանք հավատում են աշխարհը փոխելու երազանքներին»,- ասում է «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն:
Այս կազմակերպությունները դրամական պարգևի շնորհիվ արդեն հասցրել են իրականացնել մի շարք ծրագրեր՝ ուղղված մանկական աղքատության վերացմանը, փախստական երեխաների և որբերի աջակցությանը Ռուանդայում, Եթովպիայում, Բրազիլիայում և Կոնգոյի Դեմոկրատական հանրապետությունում:
Այս ֆիլմը պատմում է «Ավրորա» մրցանակի երկարաժամկետ ազդեցության մասին.
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին
«Ավրորա» նախաձեռնության նպատակն է ստեղծել համաշխարհային մարդասիրական շարժում։ Այն իր արմատներով հասնում է Հայոց ցեղասպանություն, որին զոհ գնաց ավելի քան մեկուկես միլիոն հայ, ու հիմնված է այդ տարիներին տեղ գտած խիզախության ու վերապրումի ոգեշնչող պատմությունների վրա։ Սակավաթիվ հաջողակներ փրկվել են բացառապես խիզախ անհատների և մարդասիրական կազմակերպությունների միջամտության շնորհիվ։ Մեկ դար անց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը երախտագիտությամբ ներկայացնում է փրկվածների ու նրանց փրկողների պատմությունները՝ մեծարելով մարդկային ոգու տոկունությունը և փառաբանելով մարդասիրությունը։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ստեղծում, ներառում և օժանդակում է նախագծեր, որոնց նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունն աշխարհի առավել հրատապ մարդասիրական հիմնախնդիրներից շատերի վերաբերյալ և քայլեր ձեռնարկել դրանց լուծման ուղղությամբ։ Այդ նախագծերից են «Ավրորա» մրցանակը, Aurora Dialogues քննարկումները, «Ավրորա» մարդասիրության ցուցիչը, Երախտագիտության նախագծերը և 100 LIVES նախաձեռնությունը։
«Ավրորա» նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է։ Այն ներկայացված է երեք հիմնադրամների կողմից՝ 100 Lives հիմնադրամ (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives հիմնադրամ (Ժնև, Շվեյցարիա) և IDeA հիմնադրամ (Երևան Հայաստան):
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակ
Հայոց ցեղասպանության վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, «Ավրորա» մրցանակի դափնեկրին ամեն տարի շնորհվելու է 100.000 դոլար պարգև և բացառիկ հնարավորություն շարունակելու նվիրատվության շղթան՝ 1.000.000 դոլարի դրամաշնորհի առաջադրելով իրեն ոգեշնչած և գործի մղած կազմակերպություններին։ Մրցանակի դափնեկիրները ճանաչման են արժանանում այն բացառիկ ազդեցության համար, որ նրանք իրենց գործողություններով ունեցել են մարդկային կյանքի պահպանման և մարդասիրություն առաջ մղելու վրա։
«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կազմում ընդգրկված են Նոբելյան դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին և Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար և Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ ու գործադիր տնօրեն Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը և օսկարակիր դերասան ու մարդասեր Ջորջ Քլունին։










