Պատգամավորների թեկնածուները պետք է էթիկետի նորմերի առումով պարտադիր թեստ անցնեն. Նուբար Չալըմյան

21:40 • 13.01.17

Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս Նուբար Չալըմյանը, ով կարդում է դասընթացներ դիվանագիտական և հյուպատոսական ծառայության և իրավունքի, դիվանագիտական էթիկայի, դիվանագիտական բանակցությունների վարման, դիվանագիտական արարողակարգի և վարվելակերպի վերաբերյալ, Tert.am-ի հետ զրույցում, ի պատասխան հարցի, թե պե՞տք է «ԱԺ կանոնակարգ-օրենքում» փոփոխություններ արվեին, և օրինակ՝ ԱԺ պատգամավորության թեկնածուները պարտադիր տիրապետեին էթիկետի նորմերին, ասաց որ ոչ միայն 2 ձեռքով կողմ է, այլև կառաջարկեր, որ դա լիներ թեստ`«այդ բաները գի՞տեն, թե ոչ»:

Ինչ վերաբերում է հարցին, թե ով է ՀՀ քաղաքական գործիչներից տիրապետում հռետորական արվեստին, նա ասաց. «ՀՀ առաջին նախագահը հրաշալի հռետոր է»:

-Ձեր մասնագիտական հայացքով՝ որքանո՞վ են հայաստանյան պաշտոնատար անձինք` նախարարներ, պատգամավորներ, համապատասխանում պաշտոնատար անձանց էթիկետի նորմերին՝ ինչպես իրենց խոսքով, այնպես էլ՝ պահվածքով:

-Ցանկացած պաշտոնյա, լինի օրենսդիր, թե գործադիր մարմնի ներկայացուցիչ, պարտավոր է հետևել էթիկայի՝ վարվեցողության նորմերին: Դրանք, գիտեք, պարտադրող ուժ չունեն, այսինքն՝ ես չեմ կարող տվյալ մարդուն ասել՝ գիտեք ինչ, Դուք պետք է շատ ցածր ձայնով խոսեք, չի կարելի փոշոտ կոշիկներով ներս մտնել, խուզած մազերով հասարակության մեջ երևալ, սպիտակ կոստյում հայտնել սգո արարողության ժամանակ: Նման բաները պարտադրող ուժ չունեն, դա ինքը՝ տվյալ անձը, պետք է իմանա: Պահվածքը քաղաքականության ընդհանուր կանոնների ամբողջությունն է: Իհարկե, շատերը չգիտեն այդ նորմերը, ցավոք: Կա այդ մասին գրականություն, հոդվածներ, իրենք պետք է հետևեն ուղղակի: Կան նույնիսկ ազգային առանձնահատկություններ տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ էթիկական նորմերի պահպանման վերաբերյալ: Օրինակ՝ Իրանում կնոջը չես կարող ձեռքով բարևել, քանի որ պարսկուհին իրավունք չունի կոնտակտի մեջ մտնել, անգամ ձեռքսեղմման միջոցով:

-Դուք պետական ինչ-որ շրջանակների առաջարկե՞լ եք էթիկետի առումով դասընթացների անցկացում:

-Ոչ հաճախ, բայց երբեմն ինձ հրավիրում են Ազգային ժողով, ոչ թե պատգամավորների հետ հանդիպելու, որոնց շփումն օտարների հետ ավելի հաճախակի է, այլ ես ավելի շատ հանդիպում եմ շարքային աշխատողների հետ, որոնք, աշխատելով ԱԺ-ում, գրեթե չեն շփվում օտարների հետ, և իմ դասախոսությունները հիմնականում իրենց համար է: Եվ, այո, էթիկան պետք է պատգամավորներին, կառավարության անդամներին, որոնք ամեն օր, ամեն ժամ շփվում են օտարների հետ:

-Իսկ կառավարություն հրավիրե՞լ են էթիկետ սովորելու համար:

-Ոչ:

-Իսկ ավելի շատ ում ՝ նախարարների՞ն, թե՞ պատգամավորներին պետք կգային Ձեր մասնագիտական խորհուրդները:

-Այո, նրանց հետ կարելի էր տարբեր թեմաներ քննարկել: Օրինակ՝ ինչպես պետք է բարևել: Նույնիսկ տարբեր ազգերի ներկայացուցիչների: Նույնիսկ տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ ձեռքով բարևելը: Թույլ տվեք ողջունել Ձեզ: Կա տիտղոսներով դիմելաձև: Մեծ Բրիտանիայում կան նման դիմելաձևեր՝ լորդ, լեդի, հոգևորականների մոտ՝ եպիսկոպոս և այլն, կաթոլիկ աշխարհում՝ այլ, Բողոքական, Ավետարանչական եկեղեցում` այլ: Դրանք պետք է իմանան:

-Ի՞նչի մասին եք խոսում, երբ բարձրաստիճան եկեղեցականին գեներալը բարևում է «էն ում ախպերությունն է» խոսքերով: Իսկ իրար կարող են դիմել`«համբալ», «գործ տվող», «կտամ ծնոտդ կկոտրեմ, մի վնգստա» և այլ խոսքերով: Այսինքն` Ձեր ասածները իդեալիստական չե՞ն:

-Էթիկայի նորմերի պահպանումը շատ կարևոր է այն առումով, որ երբ դիմացինդ տեսնում է, որ Դուք պահպանում եք, ինքը չի կարող Ձեր վրա ուշադրություն չդարձնել:

-Այսինքն՝ կարծում եք, որ «էն ում ախպերությունն ա» խոսքերով բարևողին եթե ասեք «հարգանքիս հավաստիքը», նա դրանից կզգաստանա՞:

-Նորից եմ ասում՝ խոսքը պաշտոնատար անձանց մասին է: Եվ եթե խոսքը պաշտոնատար անձանց մասին է, դուրս գանք կենցաղավարությունից, պատկերացնենք, որ մարդը աշխատանքի մեջ է, մարդը ծառայության մեջ է: Նա իրականացնում է իր պարտականությունները և պարտավոր է միջազգայնորեն ընդունված էթիկայի նորմերին համապատասխան շփումներ ունենալ: Իսկ այս շփումն արդեն պարտադրող ուժ ունի և պետք է նրանց բացատրել, որ դուք չեք կարող ախպերական, ախպերավարի շփվել: Օրինակ՝ բարևելուց հետո ձեռքով թփթփացնել նրա ուսին և այլն: Որ դա անհնարին բան է, որ կան կանոններ։

-Որպես մասնագետ կառաջարկեի՞ք, որ «ԱԺ կանոնակարգ-օրենքում» փոփոխություններ արվեին, օրինակ՝ ԱԺ պատգամավորության թեկնածուները պարտադիր տիրապետեին էթիկետի նորմերին:

-Երկու ձեռքով կողմ եմ: Ու ոչ միայն դա լիներ, այլև նախքան դա անցնեին թեստ՝ այդ բաները գիտե՞ն, թե ոչ: Եվ դրա արդյունքները լինեին այդ թեկնածուին ընդգրկելու կամ չընդգրկելու առումով լրացուցիչ ցենզ: Որ այդ մարդը, իրոք, իր խոսելաձևի պարագայում համապատասխանո՞ւմ է թե ոչ: Նախ պետք է խոսել իմանա: Ինքը պետք է շատ լավ իմանա ենթակայի տեղը, ստորոգյալի, ուղիղ խնդրի տեղը:

-Իսկ կարող եք ասել՝ ամենավատն այս առումով ԱԺ-ո՞ւմ է, թե՞ կառավարությունում:

-Չեմ կարող ասել։ Եթե ես աշխատած լինեի իրենց հետ, կզգայի:

-Իրենց ելույթները չե՞ք լսել:

-Ազգային ժողովում խոսում է մեկը, մյուսը ոչ պարկեշտ արտահայտություններով դիմում է նրան: Սա էթիկայի նորմերի խախտում է: Դուք կասեք՝ աշխարհի շատ երկրներում նման բաներ: Է, հետո ինչ, մեր ժողովուրդն ունի մեծ մշակույթ, թող բոլորը գան, հավասարվեն մեր մշակույթին:

-Իսկ «դրես կոդի» առումով ինչպե՞ս եք գնահատում պատգամավորներին ու լրագրողներին:

-Այդ հագուկապը շատ կարևոր նշանակություն ունի: Եվ բարձրաստիճան պաշտոնյան պետք է շատ լավ հագնված լինի: Կա ֆրանսիական ասացվածք, որ թագավորի հագուկապից պետք է երևա, որ նա թագավոր է: Այս առումով, այո, պետք է ճաշակով հագնված լինեն: Չպետք է, օրինակ, շատ կարճահասակ պաշտոնյան կրի լայն փողկապ, մուգ կոստյում և վարդագույն փողկապ: Կան բազում օրինակներ: Կամ, երբ ընդունելությունների ժամանակ կնոջ մի ձեռքին սպիտակ ոսկով մատանի է, մյուսին՝ դեղին, ականջները ադամանդների մեջ են, իսկ պարանոցին մարգարտյա վզնոց է:

- Դուք դասավանդում եք նաև հռետորական արվեստ և ասացիք, որ պատգամավորները պետք է ոչ միայն տիրապետեն հայերենին, այլև քիչ թե շատ ծանոթ լինեն հռետորական արվեստին, որպեսզի կարողանան լսելի դառնալ հանրության համար: Իսկ կարո՞ղ եք ասել` պատգամավորներից ով կամ ովքեր են տիրապետում այդ արվեստին:

-Եթե խոսքը քաղաքական գործիչների մասին է, ապա կարող եմ ասել, որ առաջին նախագահը հրաշալի հռետոր է: Ե՛վ լսելի է, և՛ դիմացինին իր անթերի հայերենով գրավող: Պատգամավորներից կարող եմ ասել՝ Արամ Մանուկյան: Հրաշալի: