Պավել Մանուկյանի հաշմանդամության կենսաթոշակի տրամադրումը չի դադարեցվել, ավարտվել է լիազորագրի ժամկետը. ԼՂՀ ՊՆ

17:30 • 13.01.17

ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը հերքել է լրատվամիջոցների տարածած տեղեկությունն այն մասին, որ Պավել Մանուկյանին հաշմանդամության համար տրվող կենսաթոշակը դադարեցվել է։

«ԼՂՀ գործող օրենքի համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող կենսաթոշակառուի թոշակի գումարը կարող է վճարվել լիազորագրով, որն էլ իրականացվել է մինչև 2016թ. հուլիսը ներառյալ: Քանի որ լիազորագրի ժամկետը լրացել է, հետևապես հետագա վճարումները չեն իրականացվել, սակայն ամենամսյա կենսաթոշակի գումարը շարունակվել է հաշվարկվել մինչև 2017թ. հունվարը ներառյալ: Ներկա պահին Պ. Մանուկյանի չստացած կենսաթոշակի գումարը կազմում է 756.144 ( յոթ հարյուր հիսուն վեց հազար հարյուր քառասունչորս) դրամ և գտնվում է «Արցախփոստի» համապատասխան տարածքային բաժանմունքում:

Պ. Մանուկյանի կողմից առայսօր չստացված, ինչպես նաև հետագա կենսաթոշակի գումարը կարող է վճարվել քրեակատարողական հիմնարկի ղեկավարի վավերացրած լիազորագրով:

Հարկ ենք համարում տեղեկացնել նաև, որ Պ. Մանուկյանի փաստաբանը այս հարցով խոսել է ԼՂՀ Զինկոմիսարիատի ֆինանսատնտեսական բաժնի պետի հետ, որի ընթացքում նրան հայտնվել է, որ կենսաթոշակի վճարումը չի դադարեցվել, ուղղակի անհրաժեշտ է լիազորագիր՝ վավերացված քրեակատարողական հիմնարկի ղեկավարի կողմից: Ուստի բողոքելու փոխարեն պարզապես անհրաժեշտ է քրեակատարողական հիմնարկից ներկայացնել լիազորագիր և ստանալ առայսօր չստացված հաշմանդամության կենսաթոշակը»,-ասված է նախարարության տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Պավլիկ Մանուկյանի պաշտպաններից Հարություն Բաղդասարյանը հայտարարել էր, թե Պավլիկ Մանուկյանի հաշմանդամության նպաստի վճարումը դադարեցվել է։

Նա նշել էր, որ Պավլիկ Մանուկյանի ընտանիքը, որն ապրում էր Պավլիկ Մանուկյանի թոշակի հաշվին, այսօր ապրելու այլ միջոց չունի:

Հիշեցնենք, որ Պավլիկ Մանուկյանը մասնակցել է ոստիկանության ՊՊԾ գնդի գրավմանը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով և 235-րդ հոդվածով՝ շենք շինությունների, հաղորդակցության ու տրանսպորտի միջոցների գրավում կազմակերպված խմբի կողմից և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

Պավել Մանուկյանին առաջադրված մեղադրանքներին ավելացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով՝ կազմակերպված խմբի կողմից զենք հափշտակելը, 185-րդ հոդվածը՝ գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը: