Փորձագետները ԴՆԹ անալիզի միջոցով նույնականացրել են Տու-154 օդանավի աղետի 70-ից ավելի զոհի
Փորձագետները ԴՆԹ անալիզի միջոցով նույնականացրել են Սև ծովում դեկտեմբերի 25-ին ՌԴ պաշտպանության նախարարությանը պատկանած Տու-154 օդանավի աղետի ավելի քան 70 զոհի, գրում է ТАСС գործակալությունը:
«Այսօրվա դրությամբ ավարտված է ԴՆԹ անալիզի միջոցով ավելի քան 70 զոհի նույնականացման գործընթացը, նրանց հարազատները ծանոթացել են անալիզների արդյունքներին», - մանրամասնել է դատաբժշկական փորձաքննության բյուրոյի ներկայացուցիչը:
Ըստ նրա՝ օդանավի մյուս ուղևորների մնացորդների նույնականացման գործընթացը շարունակվում է։
Նրա խոսքով` ինքնությունը պարզվածների թվում են Բժիշկ Լիզա անունով հայտնի Ելիզավետա Գլինկան, Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի գեղարվեստական ղեկավար Վալերի Խալիլովը, լրագրողներ, ինքնաթիռի անձնակազմի 10 անդամ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ի առավոտյան Սև ծովում թռիչքից կարճ ժամանակ անց կործանվել է ՌԴ պաշտպանության նախարարությանը պատկանող Տու-154 օդանավը՝ դառնալով 92 մարդու մահվան պատճառ: Կործանված օդանավում են գտնվել Ալեքսանդրովի անվան անսամբլի երգչախմբի արտիստները (65 հոգի), որոնք պետք է Սիրիայում ռուսական «Հմեյմիմ» ավիաբազայում տոնական համերգ տային ռուս զինծառայողների համար:










