ԱՄՆ-ն սիրիական խնդրի շուրջ Աստանայում կայանալիք բանակցություններին մասնակցելու հրավեր չի ստացել. Պետդեպի ներկայացուցիչ

14:59 • 14.01.17

ԱՄՆ պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները հայտարարել է, որ գործող նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը չի ստացել սիրիական ճգնաժամի վերաբերյալ Աստանայում կայանալիք բանակցություններին մասնակցելու հրավեր, գրում է izvestia.ru-ն: 

«Աստանայում կայանալիք բանակցություններին մասնակցելու պաշտոնական հրավեր մենք չենք ստացել», - նշել է Թոները՝ հավելելով, որ իրենք շարունակում են կապ պահպանել թուրքական և ռուսական կողմերի հետ սիրիական ճգնաժամի կարգավորման համար: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան և Ռուսաստանը համաձայնության են եկել սիրիական ճգնաժամի վերաբերյալ Աստանայում սպասվելիք բանակցություններին ՄԱԿ-ի և ամերիկյան կողմի մասնակցության շուրջ: