Մոսուլում հրթիռակոծվել է ԻՊ-ի առաջնորդներից մեկի տունը, մահացել են նրա ազգականներից մի քանիսը. Reuters

14:05 • 14.01.17

Շուրջ 30 խաղաղ բնակիչ հրթիռակոծության զոհ է դարձել Մոսուլի Ալ Ջադիլա շրջանում, որը գտնվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հսկողության տակ: 

Բաց թողնված հրթիռները հավանաբար ուղղված են եղել ԻՊ-ի առաջնորդներից մեկի` Հարբի Աբդել Քուադերի տունը ոչնչացնելուն: 

Ինչպես փոխանցում է Reuters  գործակալությունը` Քուադերն այդ ժամանակ տանը չի գտնվել, սակայն հրթիռակոծության հետևանքով մահացել են նաև նրա ազգականներից մի քանիսը:

Գործակալությունը նշում է, որ տեղեկությունը պաշտոնապես հաստատված չէ, և դեռևս հայտնի չէ, թե հարվածները հասցվել են իրաքյան ուժերի, թե ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի կողմից: 

Հիշեցնենք, որ Իրաքի 2-րդ խոշորագույն քաղաքը համարվող Մոսուլն ԻՊ-ի կողմից գրավվել է 2014թ.: Ըստ տարբեր տվյալների՝ այնտեղ կարող է գտնվել 3.000-4.500 գրոհային: Ազատագրմանն ուղղված մարտական գործողություններն Իրաքի կառավարական բանակը սկսել է 2016թ.-ի հոկտեմբերի 17-ին: