Կարո Փայլանը միայնակ չէ. Թուրքիայում գործող հայկական կազմակերպությունը սատարել է մեջլիսում ցեղասպանության մասին բարձրաձայնած պատգամավորին

23:52 • 14.01.17

Նախօրեին Թուրքիայի խորհրդարանում Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, հայ պատգամավոր Կարո Փայլանի մասնակցությամբ տեղի ունեցած աղմկահարույց միջադեպից հետո Թուրքիայում գործող «Նոր Զարթօնք» հայկական կազմակերպությունը հայտարարություն է տարածել։

Հիշեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորը մեջլիսում սահմանադրական փոփոխությունների քննարկման ժամանակ բարձրացրել էր Հայոց ցեղասպանության հարցը ։

Կարո Փայլանն իր ելույթի ընթացքում մատնանշել է պատմական իրականությունը։ Նա փոխանցել է պատմության ընթացքում բազմաթիվ տարբեր վայրերում հայտնված միապետական վարչաձևերի վնասները։

«Այնպիսի վարչակարգի մեջ ենք ապրում, որ անգամ պատգամավորը չի կարող ազատորեն բացատրել իր գաղափարները՝ անգամ ամբիոնից։ Նոր սահմանադրությունը եթե ընդունվի, ավելի ծանր պայմաններ է բերելու։

Զորակցում ենք Կարո Փայլանին, որը խորհրդարանի ամբիոնից համարձակորեն հայտնել է իրականությունը»,-ասված է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։

Հայազգի պատգամավորը, մասնավորապես, հայտարարել էր, որ 1913-1923 թվականներին երկրում գրանցում ունեցող հայերը, ասորիները, հույներն ու հրեաները «մեծ կոտորածների և Ցեղասպանության հետևանքով այս հողերից կա՛մ աքսորվել են, կա՛մ տանջանքների են ենթարկվել»:

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» և «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավորներն ընդհատել են նրա ելույթը` «դաշնակցականների ահաբեկչության» և «հայերի ապստամբությունների» մասին վանկարկումներով ու բոյկոտել նրա ելույթը՝ սեղաններին զարկելով:  

«Ցեղասպանություն» եզրույթի համար Կարո Փայլանին պատժել են` զրկելով առաջիկա 3 նիստերին մասնակցելու իրավունքից: Փայլանի խոսքերը հանվել են նիստի արձանագրություններից: 

 

Նա արդեն հայտարարել է, որ պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան՝ իր իրավունքները վերականգնելու համար։