Քաղաքական ուժերը զգուշավոր են, մրցակցության փուլը հետաձգվում է. Ազատ Արշակյան
Հունվար ամիսը լինելու է նոր դաշինքների, նոր միությունների ձևավորման ամիս: Tert.am—ի հետ զրուցում նման տեսակետ հայտնեց քաղաքական գործիչ, Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը՝ հավելելով, որ 2017-ին լուրջ քաղաքական խաղադրույքներ են լինելու՝ խորհրդարանական ընտրություններով պայմանավորված։
Ազատ Արշակյանի դիտարկմամբ՝ դեռևս աշնան ամիսներից խորհրդարանական ընտրություններին ընդառաջ զարգացումներ եղել են։
«Աշունը շատ հետաքրքիր էր քաղաքական առումով, իսկ առաջ քաղաքական դաշտում ճահիճ էր և լճացում»,- ասաց նա:
Ազատ Արշակյանը գտնում է, որ ընտրություններից առաջ քաղաքական ուժերի միջև մրցակցությունն ուժեղ է լինելու, սակայն քանի դեռ որոշակիություն չկա, ներկայումս քաղաքական ուժերը զգուշանում են՝ հաշվի առնելով, որ այդ դաշինքները կարող է միանան իրար և մրցակցությունը վնասի հետագա համագործակցությանը:
«Այդ իմաստով ես կարծում եմ, որ զգուշավոր են քաղաքական ուժերը: Մրցակցությունը հետաձգվում է, քանի որ բևեռացումը դեռևս տեղի չի ունեցել»,- ասաց նա և նշեց, որ դեռ պարզ չէ, թե քաղաքական ուժերն ինչ գաղափարախոսություն, ինչ ծրագրեր ունեն, բացի պաշտոն ունենալ ցանկանալուց:
Ըստ Ազատ Արշակյանի՝ այս անգամ քաղաքական դաշտում միավորումը այլ կլինի և նա դա պայմանավորում է այն հանգամանքով, որ Կրեմլն առանձնապես մեծ ռեսուրսներ չունի ՀՀ-ի ներքին կյանքին միջամտելու համար, քանի որ խառն է ԵԱՏՄ հարցով:
«Կարծում եմ, որ Ռուսաստանը թողնելու է ավտոնոմ ընտրություններ լինեն, ինչը ենթադրում է, որ Հայաստանին ծառայող ուժերը կմրցեն, այսինքն՝ դրածո ընդդիմություն չի լինի, կամ ավելի պակաս կլինի»,- ասաց նա և նշեց, որ ավելի առողջ կլինի մրցակցությունը:
Ինչ վերաբերում է իշխանության հնարավորություններին, ապա Ազատ Արշակյանն ասաց, որ իշխանությունը պետք է ունենա դրսից աջակցություն և քանի դեռ չունի այդ աջակցությունը, շփոթված է: «Ընդդիմությունում տեղաշարժեր կան, իսկ իշխանությունը լռում է, քանի որ չգիտի, թե ինչ է անելու»,- ասաց նա:










